Jump to content

ՀՍՀ/ԹՐՈՄԲՈՖԼԵԲԻՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹՐՈՄԲՈՖԼԵԲԻՏ (մակարդուկ, մակարդախցան և երակ), երակի պատի բորբոքում՝ լուսանցքը փակող թրոմբի առաջացմամբ: Պատճառներն են՝ վարակիչ հիվանդությունները, երակների վնասվածքները, արյան հոսքի դանդաղումը և մակարդելիության բարձրացումը: Լինում է մակերեսային և խորանիստ երակների Թ.: Առավել հաճախ ախտահարվում են ստորին վերջույթների և Փոքր կոնքի երակները, հազվադեպ՝ սիներակները, դռներակը, լյարդային երակները: Երբեմն Թ. հանդիսանում է ծննդաբերության, զանազան վիրապատությունների, վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների բարդություն: Սուր Թ. արտահայտվում է ախտահարված երակների ցավերով, մարմնի ջերմության բարձրացմամբ, դողով: Մակերեսային երակների Թ. բնորոշվում է ցավոտ, պինդ հանգույցների առաջացմամբ և երակի ուղղությամբ մաշկի կարմրությամբ: Խորանիստ երակների Թի դեպքում արյան հոսքի խանգարման հետևանքով առաջանում է ծայրանդամի այտուց: Հնարավոր է նաև Թի քրոնիկական ընթացք, պարբերաբար սրացումներով: Թի ամենավտանգավոր բարդությունը թրոմբի պոկվելը և դրանով թոքային զարկերակի խցանվելն է: Բուժումը կախված է Թի ձևից և փուլից՝ հանգիստ, անտիբիոտիկներ, հակամակարդիչ դեղանյութեր, երբեմն՝ վիրաբուժական միջամտություն: