Jump to content

ՀՍՀ/Ժ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ժ, հայերեն այբուբենի տասներորդ տառը: Անունն է ժե: Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը տառակերտման սեփական սկզբունքով: Ուղղահայաց երկարի ձախ կողմից նրան են միանում հավասար հեռավորության վրա գտնվող կարճ և լայն տարրերը, ընդ որում, կարճր երկարին է միանում երկու ծայրից՝ վերջինիս ստորին և միջին մասերից, իսկ լայնը վերին ծայրից՝ վերին մասին՝ 3: Դյուրագրության պահանջով լայնը հաճախ նստում է վերին տողագծի վրա և երկարին միանում ստորին ծայրից՝ Ժ, կամ բոլորովին ընկնում է՝ թողնելով միայն նուրբը, կամ այն էլ ընկնում է, և փոխարենը երկարում է երկրորդ նուրբը վայրահակ լայնով: Ժ տառի փոփոխությունները XIII դ. համարյա ավարտվում են: Եթե մինչ այդ ձեռագրերում և վիմարձանագրություններում կողք-կողքի հանդիպում են մի քանի գրաձևեր՝ կապված գրչության կենտրոններում պահպանվող ավանդույթների հետ, ապա դրանից հետո կիրառվում է գերազանցապես Ժ ձևը բոլոր գրատեսակներում՝ ենթարկվելով յուրաքանչյուր գրատեսակի գծագրական յուրահատկություններին, գրչագիր՝ Ժ, երկաթագիր՝ Ժ. բոլորագիր, Ժ. շղագիր՝ Ժ. նոտրգիր՝ Ժ. Մասնակի փոփոխությունները կապվում են գրիչների նախասիրության հետ: Ժ նշանագրում է հայերենի առաջնալեզվային (միջատամնային) պարզ շփական ձայնեղ բաղաձայն հնչյունը (հնչույթը): Գրաբարում, միջին հայերենում և ժամանակակից հայերենում ժ միշտ պահպանում է իր հնչյունական արժեքը: Ժ որպես հայոց այբուբենի տասներորդ տառ նշանակել է տասն և տասներորդ, բյուրի նշանով (Ժ)՝ հարյուր հազար: Ժ տասնավորների սկիզբն է, որից հետո եկող տառերը հաջորդաբար ավելանում են տասը միավորով և ձեռք բերում թվական նոր արժեք: Արաբական թվանշանների ընդունումից հետո էլ գործածվել է որպես քանակական ու դասական թվական: Այժմ գործածվում է միայն որպես դասական թվական (ժ դար տասներորդ դար, Գլուխ ժ գլուխ տասներորդ):

Ա. Մաթևոսյան