Jump to content

ՀՍՀ/ԺԱԿԵՐԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԺԱԿԵՐԻԱ (Jacquerie, Jacques Bonhom-me-ից՝ «Ցանցառ ժակ», ազնվականների տված արհամարհական մականունը գյուղացուն), գյուղացիական հակաֆեոդալական ապստամբություն Ֆրանսիայում 1358-ին: Պատճառը ֆեոդալական շահագործման ուժեղացումն ու հարյուրամյա պատերազմից (1337-1453) առաջացած տնտ. քայքայումն էր: Սկսվել է մայիսի 28-ին Սեն-Լյո-դ Էսերան վայրում (Բովեգի շրջան) և արագորեն տարածվել երկրում: Ապստամբների հիմնական զանգվածը գյուղացիներն էին, որոնց միացել էին արհեստավորներ, մանր առևտրականներ, գյուղական հոգևորականներ: Ապստամբությունը ուժեղ և կազմակերպված էր Բովեի շրջանում, որտեղ գործում էր Գիյոմ Կալի բազմամարդ ջոկատը: Նույն ժամանակ Էտիեն Մարսելի ղեկավարությամբ թագավորի դեմ էին ապստամբել փարիզցիները, որոնց հետ դաշնակցեց Գ. Կալը: Նավարայի թագավոր Կարլոսը բանակցություններ վարելու պատրվակով իր մոտ հրավիրեց Գ. Կալին, ուխտադրժորեն գերեց և մահապատժի ենթարկեց: Ազնվականները դաժանորեն ճնշեցին ապստամբությունը:

Գրկ. История Франции, т. 1, М., 1972, с. 126 37 Luce S., Histoire de la Jacquerie, P., 1859.