Jump to content

ՀՍՀ/ԺԱՄԱԳԻՐՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԺԱՄԱԳԻՐՔ, Աղոթամատույց, եկեղեցա-ծիսական գիրք՝ նախատեսված քրիստոնեական եկեղեցիներում ամենօրյա ժամերգությունների համար: Հայ եկեղեցում օգտագործվում է ժ-ի երկու տարբերակ՝ Ժ. և Ատենի կամ Մայր Ժ.: Հայոց Ժ. բովանդակում է սաղմոսներ, ալելուիաներ, մեսեդիներ, թագավորներ, փոխեր, կանոններ, կանոնագլախներ, ժամամուտներ, մաղթանքներ, քարոզներ, աղոթքներ, ընթերցվածներ ավետարաններից, առավոտերգեր, կցուրդներ, Արևագալի երգեր, երբեմն նաև՝ պատարագամատույց-խորհրդատետր: Երբեմն հավելվածաբար ունենում է տոմարական աղյուսակ՝ եկեղեցական տոների օրերը ճշտելու համար «խրատներ»՝ ժ-ի օգտագործման մասին, կաթողիկոսների աթոռակալության հաջորդականության ցուցակ: Ժ. բաժանվում է ենթամասերի՝ ըստ օրվա տարբեր ժամերի մատուցվող ժամերգության: Ատենի կամ Մայր ժ. հավելյալ ընդգրկում է Սաղմոսարան և Տոնացույց: Հայոց ժ. բաղկացուցիչ նյութերով ու ենթամասերով նման է քրիստոնեական արլ. եկեղեցիների, հատկապես հույն եկեղեցու ժ-ին, սակայն ուրույն է նյութերի ընտրությամբ, դասավորությամբ, ծավալով, մանավանդ հայ հեղինակների կատարած բնագրային բացումներով: Կազմվելով V դ., ժ. աստիճանաբար լրացվել է VII, XI-XII, XIV-XV և XVII դդ., թեև հետագայում էլ որոշ փոփոխություններ է կրել: Ժ-երի կազմությանն ու լրացմանը մասնակցել են Գրիգոր Լուսավորիչը (ըստ ավանդության), Սահակ Պարթևը, Մեսրոպ Մաշտոցը, Գյուտ Արահեզացին, Հովհան Մանդակունին, Ստեփանոս Սյունեցին, Հովհաննես Սարկավագը, Ներսես Շնորհալին, Գրիգոր Տաթևացին, Թովմա Մեծոփեցին և ուրիշներ: Պահպանվել են Ժ-ի բազմաթիվ ձեռագիր ընդօրինակություններ, հաճախ՝ Սաղմոսարանի ու Տոնացույցի հետ մեկտեղ: Առաջին անգամ Ժ. հրատարակել է Աբգար Դպիրը, 1568-ին, Կ.Պոլսում, իսկ Ատենի կամ Մայր Ժ.՝ Խաչատուր Կեսարացին, 1642-ին, Նոր Ջուղայում:

Գրկ. Հացունի Վ., Պատմություն հայոց Աղոթամատույցին, Վնտ., 1965: