ՀՍՀ/ԺԱՄԱՆԱԿ
ԺԱՄԱՆԱԿ, մատերիայի գոյության հիմնական ձևերից (տարածության հետ): Այն օբյեկտիվորեն գոյություն ունի և անխզելիորեն կապված է շարժվող մատերիայի հետ (տես Տարածություն և ժամանակ): Ժ չափելու պրոբլեմով զբաղվում են գիտության և տեխնիկայի տարբեր բաժիններ: Այն չափելու տեխնիկական միջոցներն են ժ-ի հաշվիչները (ժամացույցներ և այլ սարքեր): Երկնային լուսատուների հատուկ դիտումներով կարգավորում են ժ-ի հաշվիչների աշխատանքը: Դեռևս հին դարերում Ժ. չափելու համար օգտվում էին աստղագիտական երևույթներից, որոնք պայմանավորված են երկնային լուսատուների, առաջին հերթին Երկրի և Լուսնի շարժումներով: Ժ-ի մեծ հատվածների չափման միավորը տարին է, որը որոշվում է Արեգակի շուրջ Երկրի պարտման պարբերությամբ: Ժ-ի մյուս միավորը ամիսն է, որի հիմքում ընկած է Լուսնի փուլերի կրկնման պարբերությունը: Հաջորդ միավորը՝ օրը, որոշվում է Երկրի՝ իր առանցքի շուրջ պտտման պարբերությամբ: Մեկ օրը բաժանված է 24 ժամի, ժամը՝ 60 ր-ի, րոպեն՝ 60 վրկ-ի: Առանցքի շուրջը Երկրի պտտվելու հետևանքով աստղերի տեսանելի դիրքի փոփոխմամբ որոշվում է աստղային ժամանակը: Աստղային օրը միևնույն աստղի՝ միջօրեականավ երկու հաջորդական անցումների (վերին կուլմինացիաների) միջև ընկած ժամանակամիջոցն է: Այն հավասար է Երկրի առանցքային պտտման պարբերությանը: Սովորաբար, աստղի փոխարեն վերցնում են գարնանային գիշերահավասարի կետի անցումները: Աստղային օրվա սկիզբ համարվում է գարնանային գիշերահավասարի կետը վերին կուլմինացիայում գտնվելու պահը: Աստղային ժ. հավասար է այդ կետի ժամային անկյանը (արտահայտված ժ-ի միավորներով): Իրական արեգակնային ժամանակը որոշվում է Արեգակի տեսանելի օրական շարժմամբ: Իրական արեգակնային օրը Արեգակի սկավառակի կենտրոնի երկու հաջորդական վերին կուլմինացիաների միջև ընկած ժամանակամիջոցն է: Իրական արեգակնային ժ. հավասար է արեգակի կենտրոնի ժամային անկյանը (արտահայտված ժ-ի միավորներով): Արեգակի շուրջ Երկրի՝ անհավասարաչափ շարժման հետեվանքով տարվա ընթացքում արեգակնային օրերի տևողությունը փոփոխվում է: Դրանց միջին թվաբանականը (ամբողջ տարվա համար) կոչվում է միջին արեգակնային օր: Այն երևակայական կետը, որն իրական Արեգակի հետ ելնում է գարնանային գիշերահավասարի կետից, հավասարաչափ շարժվում երկնային հասարակածով ու իրական Արեգակի հետ վերադառնում այդ նույն կետը, կոչվում է միջին Արեգակ: Միջին Արեգակի վերին կուլմինացիայի պահը կոչվում է միջին կեսօր, ստորին կուլմինացիայի պահը՝ միջին կեսգիշեր, որը և համարվում է քաղաքացիական օրվա սկիզբը: Այսպիսով, քաղաքացիական ժամանակը հավասար է միջին Արեգակի ժամային անկյանն ավելացրած 12 ժ: Միջին և իրական արեգակնային ժ-ները տարվա ընթացքում միայն չորս անգամ են իրար հավասարվում: Դրանց տարբերությունը կոչվում է ժամանակի հավասարում: 366,2422 աստղային օրը հավասար է 365,2422 միջին արեգակնային օրվա, որտեղից՝ աստղային օրը հավասար է 0,99727 միջին արեգակնային օրվա, կամ միջին արեգակնային օրը՝ 1,002738 աստղային օրվա: Այսպիսով, աստղային ժ, յուրաքանչյուր օր գրեթե 4 ր-ով առաջ է ընկնում քաղաքացիական Ժ-ից: Դրանք համընկնում են սեպտեմբերի 22-ի կեսգիշերին: Միջօրեականի տարբեր դիրք, այսինքն՝ տարբեր աշխարհագրական երկայնություն ունեցող վայրերն ունեն իրենց տեղական ժամանակը: Երկու տարբեր վայրերի տեղական Ժ-ների տարբերությունը հավասար է դրանց աշխարհագրական երկայնությունների տարբերությանը (արտահայտված Ժ-ի միավորներով): Գրինվիչի աստղադիտարանի վրայով անցնող միջօրեականը համարվում է զրոյական միջօրեական, իսկ տեղական ժ.՝ համաշխարհային ժամանակ: 1884-ից կիրառվում է գոտիական ժամանակը: Երկրագունդը միջօրեականներով բաժանված է 24 գոտու յուրաքանչյուր գոտու համար ընդունված է միևնույն՝ տվյալ գոտու միջին միջօրեականի տեղական Ժ.: Մի գոտուց հարևան գոտուն անցնելիս Ժ. թռիչքով ավելանում կամ պակասում է 1 ժ-ով: Գոտիների եզրագծերը տանելիս հաշվի են առնված նաև որոշ աշխարհագրական, տնտ. և քաղ. պայմաններ: ՍՍՀՄ գոտիական ժ. ընդունվել է 1919-ի հուլիսին (տես ժամագոտիներ): Աշխատանքի ընթացքում և կենցաղում բնական լույսն առավել օգտագործելու և էլեկտրաէներգիան խնայելու նպատակով որոշ երկրներում ժամացույցների ցուցմունքը (կախված տարվա եղանակից) մեկ ժ-ով առաջ կամ ետ է գցվում: Այդպիսի ժ. կոչվում էդեկրետային ժամանակ: ՍՍՀՄ-ում 1930-ի հունիսի 16-ից ժամացույցները մեկ ժ-ով առաջ են գցվել:
Գրկ. Թումանյան Բ. Ե., Միրզոյան Լ. Վ., Աստղագիտություն, Ե., 1977: Завельский Ф. С, Время и его измерение, 4 изд., переработ., М., 1977.
Բ. Թումանյան
