ՀՍՀ/ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ, գիտություն պատմական ժամանակը որոշելու մասին: Տարբերակվում է աստղագիտականի (մաթեմատիկական) և պատմականի (տեխնիկական): Աստղագիտական ժ. ուսումնասիրում է երկնային տարբեր երևույթների պարբերաբար կրկնվող օրինաչափությունները և հաշվումների միջոցով սահմանում ճշգրիտ ժամանակը: Պատմական ժ. սկզբնաղբյուրների տվյալների ուսումնասիրման ու համադրման միջոցով որոշում է դեպքերի և եղելությունների կատարման ժամանակը որոշակի դարձնելով կատարված դեպքի և առկա ժամանակի հեռավորությունը: Լինելով պատմության օժանդակ գիտություն՝ ժ. միաժամանակ գիտելիքների բարդ համակարգ է: Ժամանակագրական հետազոտությունները պատմական փաստերից զատ հենվում են աստղագիտական, մաթ. հաշվարկումների, բնության առանձին երևույթների օրինաչափությունների, տարբեր երկրներում գործածված օրացույցների, թվականությունների վերծանման և համադրման վրա: Այս առումով Ժ. նաև ժամանակագիտություն կամ ժամանակաբանություն է: Առավել գործածական իմաստով ժ. պատմագրության ձև է, տեսակ և ստորաբաժանվում է գիտական ժ-յան և տարեգրության: Ժ. ծագել է Հին Արևելքի երկրներում (Բաբելոն, Եգիպտոս ևն), ապա տարածվել Հին Հունաստանում և Հռոմում: Առանձնապես զարգացել է միջնադարում՝ եվրոպական երկրներում և Ռուսաստանում: Հայ իրականության մեջ տարբեր ընդգրկումներով զուտ ժամանակագրական երկեր ստեղծվել են XII—XIX դդ. (տես նաև ժամանակագիր. Տարեգիր):
Գրկ. Բադալյան Հ. Ս., Օրացույցի պատմություն, Ե., 1970: Сюзюмов М. Я., Хронология всеобщая, Свердловск, 1971.
Լ. Շահինյան
