ՀՍՀ/ԺԱՄԱՆԱԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԺԱՄԱՆԱԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, Ճշգրիտ ժամանակը որոշելու աշխատանքների համալիր: Ընդգրկում է ժամանակի պարբերական որոշումը, պահպանումը և հաղորդումը: Ժամանակը որոշվում է աստղագիտական դիտումներով, օգտագործվում է անցումնային գործիք, որով ժամանակագրի ժապավենի վրա կամ լուսաէլեկտրական մեթոդով նշվում է որոշակի աստղի՝ միջօրեականով անցնելու պահը: Այդ պահին աստղային ժամանակը հավասար է տվյալ աստղի ուղղակի ծագմանը (S cc): Գործիքների, ինչպես նաև դիտորդի անձնական սխալները նվազագույնի հասցնելու նպատակով դիտում են 10-12 աստղի անցում: Աստղագիտական դիտումներով ժամանակը որոշվում է վրկ-մ մի քանի հարյուրերորդ մասի ճշգրտությամբ: Ժամանակը պահպանելու նպատակով օգտագործվում են աստղագիտական, քվարցային և ատոմային ժամացույցներ: Աստղագիտական դիտումներով որոշվում է այդ ժամացույցների սխալը, որը 0,001 վրկ-ի կարգի է և հաշվի է առնվում մինչև ժամանակի հաջորդ ճշգրտումը: Ժամանակի ճշգրիտ պահերը հաղորդվում են ռադիոկայաններով: Քաղաքացիական օգտագործման նպատակներով օրը մի քանի անգամ տրվում են ռադիոազդանշաններ՝ 0,1 վրկ ճշգրտությամբ: ՍՍՀՄ-ում դրանք տրվում են վեց ազդանշանով: Վերջինին համապատասխանում է որոշակի ժամի 0 ր 0 վրկ: Գործում է ժամանակի և հաճախականության պետ. ծառայություն, որը ղեկավարում է ժամանակի պահպանման և հաղորդման աշխատանքները: Բացի առանձին երկրների ժ. ծ-յան, գոյություն ունի ժամանակի Միջազգային բյուրո (Փարիզ), որը միավորում է տարբեր երկրների ժ. ծ-յան մի քանի տասնյակ լաբորատորիա:
Բ. Թումանյան
