ՀՍՀ/ԺԱՄԱՆԱԿ ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ԿԱՐԳ
ԺԱՄԱՆԱԿ, քերականական կարգ, որը հատուկ է բայի դիմավոր ձևերին և ցույց է տալիս խոսելու պահի կամ սրա նկատմամբ վերցված որևէ անցյալ կամ ապառնի ժամանակակետի հարաբերումը գործողությանը կամ եղելությանը: Ժամանակակից հայերենի բայն աչքի է ընկնում ժամանակային ձևերի հարստությամբ: Հիմնական երեք ժ-ները՝ ներկա, անցյալ, ապառնի, ցույց են տալիս խոսելու պահին կատարվող, նախորդած կամ հաջորդող գործողություններ և ունեն իրենց տարատեսակները: Դրանք բաշխվում են ըստ եղանակների, սահմանական եղանակն ունի 9 ժ.՝ ներկա, անցյալ անկատար, ապառնի, անցյալ ապառնի, վաղակատար, անցյալ վաղակատար, անցյալ կատարյալ, կրավորական վիճակ ցույց տվող չեզոք բայերի համար՝ նաև հարակատար և անցյալ հարակատար: Ըղձական, ենթադրական և հարկադրական եղանակներն ունեն երկուական Ժ.՝ ապառնի և անցյալ: Հրամայականն ունի միայն մեկ ժ.՝ ապառնի: Որոշ լեզուներում բացակայում են ապառնի ժ-ի հատուկ ձևերը: Ժամանակակից հայերենի բայի ժ-ները ըստ կազմության բաժանվում են երկու խմբի՝ համադրական և վերլուծական: Համադրական ժ-ները կազմվում են բայահիմքերից՝ վերջավորությունների հավելումով, իսկ վերլուծական ժ-ները՝ դերբայներով (անկատար, ապառնի, վաղակատար, մասամբ նաև՝ հարակատար) և օժանդակ բայի ներկա ու անցյալ ժ-ներով: Ժամանակակից հայերենում գործածվում են նաև երկրորդական վերլուծական ժ-ներ, որոնք կազմվում են զուգընթացական, հարակատար ու ապառնի դերբայներով և լինել բայի խոնարհված ձևերով: Գրաբարում ևս բայի ժ-ները ըստ կազմության բաժանվում են երկու խմբի՝ համադրական և վերլուծական, որոնք բաշխված են ըստ եղանակների հետևյալ կերպ, սահմանական եղանակ՝ ներկա, անցյալ անկատար, անցյալ կատարյալ, վաղակատար-հարակատար ներկա, անցյալ, բաղադրյալ ապառնի և անցյալ ապառնի. ստորադասական եղանակ՝ առաջին ապառնի, երկրորդ ապառնի, բաղադրյալ երկու ապառնիներ, հրամայական եղանակ՝ ներկա (բուն հրամայական), ապառնի (հորդորական և արգելական հրամայականներ):
Ն. Պառնասյան
