ՀՍՀ/ԺԱՄԱՑՈՒՅՑ
ԺԱՄԱՑՈՒՅՑ, Ժամանակը չափելու սարք: Ժ-ի աշխատանքի համար օգտագործվում են բավական հաստատուն պարբերություն ունեցող երևույթներ (Երկրի առանցքային պտույտը, ճոճանակի, քվարցե թիթեղի, մոլեկուլում ատոմների տատանումները են): Պարբերական երևույթներից կախված, տարբերում են արեգակնային, ջրի, ավագի, կրակի, մեխանիկական, քվարցային, ատոմային, աստղագիտական (էտալոնային) ժ-ներ: Հնագույնն արեգակնային ժամացույցն է, որի միջոցով ժամանակը որոշվում էր առարկաների ստվերի ուղղությամբ և երկարությամբ: Այն մեծ ճշգրտություն չուներ և կիրառելի էր միայն ցերեկը, այն էլ ոչ ամպամած եղանակին: Հնում օգտվում էին նաև ջրի ժ-ից. կազմված էր երկու անոթից, որոնցից մեկը միշտ լցվում էր ջրով, հատակում եղած անցքից ջուրը հավասարաչափ թափվում էր հիմնական անոթի մեջ. ժամանակը որոշվում էր հիմնական անոթում եղած ջրի մակարդակով: Արեգակնայինի համեմատությամբ ջրի ժ. ավելի ճշգրիտ էր և աշխատում էր նաև գիշերը: Նույն սկզբունքի (անոթը հավասարաչափ լցվելու կամ դատարկվելու) վրա է հիմնված ավազի ժ-ի աշխատանքը: Ստեղծվել է Եվրոպայում, XIV դ.: Ավազի Ժ-ն կազմված է գագաթներով իրար միացված երկու կոնաձև ապակե անոթներից և պարունակում է որոշակի քանակությամբ ավազ: Վերին անոթում գտնվող ավազն աստիճանաբար թափվում է ներքին անոթի մեջ, և ավազի մակարդակով որոշվում է անցած ժամանակը: Երբ վերևինը դատարկվում է Ժ. շրջում են և պրոցեսը կրկնվում է: Միջին դարերում օգտվում էին նաև կրակի Ժ-ից հատուկ բաժանումներ ունեցող մոմ կամ հեղուկ վառելանյութ լամպ: Ժամանակը որոշվում էր մոմի այրման չափով հեղուկ վառելանյութի մակարդակով: Մեխանիկական Ժ-ի մասին առաջին հիշատակումը վերաբերում է VI բյուզանդական աղբյուրներին: Որոշ պատմաբաններ զուտ մեխանիկական Ժ-ի հայտնագործումը վերագրում են IX դ.: XIV դ. Արդեն օգտագործվում էին սռնակավոր մեխանիկական Ժ-ները: Դրանք ունեին ժամանակակից Ժ-ի բոլոր հիմնական հանգույցները: Սռնակավոր ժ-ների մեխանիզմի անկատարելությունն առաջացնում էր տատանումների ամպլիտուդի նշանակալի փոփոխություններ, որի պատճառով նրանց ճշգրտությունն այնքան էլ մեծ չէր: Մինչն XVI դ. ժ-ներն ունեին միայն ժամային սլաք, իսկ րոպեները և վայրկյանները ցույց տվող սլաքները հայտնվում են, համապատասխանաբար՝ XVI դ. կեսին և XVIII դ. կեսին: Գրպանի սռնակավոր առաջին ժ. պատրաստել է կուրնբերգցի Ժամագործ Փ. Հենլայնը (1504)՝ ծանրոցների փոխարեն օգտագործելով պողպատե պարուրաձև զսպանակ (սկ 1): 1525-ին շվեյցարացի ժամագործ Յակոբ Ցեխն առաջարկեց զսպանակի մոմենտի հավասարակշռման հարմարանք՝ խխունջ: Սռնակավոր ժ-ները կիրառվել են մինչև XIX դ. վերջը: Ճշգրիտ ժ-ների ստեղծման գործում մեծ նշանակություն է ունեցել ճոճանակի փոքր տատանումների հավասարատևության մասին Գ. Գալիլեյի հայտնագործությունը (Փոքր տատանումների հաճախականությունը կախված չէ ամպլիտուդից): 1640-ին Գալիլեյն առաջարկեց ճոճանավոր ժ-ի նախագիծ: ժամանակակից մեխանիկական ժ-ների գյուտարար Ք. Հյուգենսը 1657-ին ճոճանակն առաջին անգամ օգտագործեց որպես ժ-ի կարգավորիչ (նկ. 2): Սակայն ճոճանակավոր Ժ-ները ցնցումների և դիրքի փոփոխման նկատմամբ մեծ զգայունություն ունեին: Դրանց կատարելագործման հաջորդ կարևոր հայտնագործությունը բալանս-զսպանակ համակարգի օգտագործումն էր: Դեռևս 1670-ական թթ. Ռ. Հուկն առաջարկել էր բալանս-զսպանակն օգտագործել որպես Ժ-ի կարգավորիչ համակարգ: Սակայն, սորից Հյուգենսն էր, որ 1675-ին կիրառեց այդ համակարգը, որը հնարավորություն տվեց ստեղծել ճշգրիտ ժ-ներ: XVII դ. վերջում սկսել են տարածվել նաև կեռիկավոր ընթացքով ժ-ները: Դրանց հիման վրա 1715-ին անգլիացի Ջ. Գրահամն առաջարկից խարսխային ընթացքը (նկ. 3), որի վրա էլ հիմնված է ժամանակակից ժ-ների աշխատանքը: Ճոճանակավոր ժ-ների հիման վրա XX դ. սկզբին ստեղծվեցին աստղագիտական գիտական (էտալոնային) ժ-ները: Դրանք կազմված են երկու ճոճանակից, որոնցից մեկը, այսպես կոչված ազատ ճոճակակը, տեղավորվում է իզոթերմ պայմաններում գտնվող պղնձե գլանում (ընդ որում գլանի օդը հեռացվում է): Մյուս ճոճանակը գտնվում է սովորական պայմաններում: Ազատ ճոճանակի տատանումներն էլեկտրական շղթայով հաղորդվում են երկրորդին, որն էլ աշխատեցնում է Ժ-ի մեխանիզմը: Աստղագիտական Ժ-ներն ունեն մեծ ճշգրտություն և օգտագործվում են աստղագիտական դիտումներ կատարելիս: Մեծ կիրառություն ունեն նաև էլեկտրական ժ-ները: Էլեկտրականությամբ լարվող ժ-ներում զսպանակի լարումը կամ ծանրոցի բարձրացումը կատարվում է էլեկտրամագնիսի, էլեկտրաշարժիչի միջոցով: Ժ-ներում էլեկտրականության օգտագործումը հանգեցրել է էլեկտրաժամացուցային համակարգերի ստեղծման: Այդ համակարգերի հիմնական ժ-ները որոշակի ժամանակահատվածներում (30 վրկ, 1 ր) էլհկտրական հոսանքի իմպուլսներ են հաղորդում հասարակական վայրերում տեղակայված երկրորդային ժ-ներին: XX դ. սկզբից օգտվում են նաև սինքրոնային էլեկտրական ժ-ներից: Գրանցում օգտագործվում է փոքր էլեկտրաշարժիչ, որն ատամնավոր փոխանցման միջոցով պտտում է ժ-ի սլաքները: Այսպիսի ժ-ների կիրառմանը հաճախ խանգարում է էլեկտրակայաններում արտադրվող հոսանքի հաճախականության անբավարար կայունությունը: XX դ. 30-ական թթ. օգտագործելով քվարցի բյուրեղի պիեզոէլեկտրական էֆեկտը (տես Պիեզոէլեկտրականություն)՝ ստեղծվեցին քվարցային ժ-ները, որոնց ճշգրտությունն ավելի մեծ է, քան աստղագիտական ժ-ներինը: Առավել ճշգրիտ ժ-ներում օգտագործվում են ատոմների և մոլեկուլների տատանումները (ատոմային ժ.): XX դ. 60-ական թթ. քվարցային ժ-ների հիման վրա ստեղծվել են էլեկտրոնային և էլեկտրոնային-մեխանիկական ժ-ները: Էլեկտրոնային ժ-ում քվարցի տատանումներն ինտեգրալ սխեմայով տրվում են թվացույցին, իսկ էլեկտրոնային-մեխանիկական ժ-ում՝ քայլային շարժիչով փոխանցվում են սլաքներին: Էլեկտրոնային-մեխանիկական ժ-ի այլ տեսակում բալանսի ինքնատատանումներն ստացվում են բալանս-մագնիսական կոճ համակարգում և փոխանցվում սլաքներին:
Գրկ. Аксельрод 3. М., Часовые механизмы. Теория, расчет и проектирование, М.Л., 1947 Трояновский В. В., Электрические часы, 3 изд., переработ, и доп., М., 1956 Своричовский Ю.Г., Знаменитые часы, М., 1965.
