Jump to content

ՀՍՀ/ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐ, իծագիր, պետրոգլիֆ (հուն, քար և փորագրել, քանդակել), քարանձավների պատերին, առաստաղներին, ժայռերի և քարերի մակերեսներին արված հնագույն պատկերներ ու տեսարաններ: Ժ-ները հայտնի են երկրագնդի բոլոր մասերում: Հնագույն ժ-ները վերաբերում են հին քարի դարին, վերջինները՝ միջնադարին: Կատարման տեխնիկայով բազմազան են՝ հանքային ներկերով արված բազմագույն նկարներից մինչև տարբեր որակի ուրվագծային պատկերներ ու հարթաքանդակներ: Ֆրանսիայի (Կոմբարել, Մոնտեսպան, Լասկո, Նիո, Ռուֆինյակ), Իսպանիայի (Ալտամիրա, Կաստիլյո), Իտալիայի, Աֆրիկայի, Սկանդինավյան թերակղգու, Ուրալի, Սիբիրի, Կարելիայի, Հայաստանի, Վրաստանի (Մգվեմվի, Ադցա), Ադրբեջանի, Միջին Ասիայի ժ-ներին բնորոշ են տվյալ վայրում ապրած կենդանիների (բիզոն, արջ, ռնգեղջյուր, մամոնտ, ձի են), երբեմն՝ մարդկանց պատկերներ, որսի, ռազմի, ձկնորսության, ծիսական և այլ բնույթի դինամիկ տեսարաններ: Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված են մ. թ. ա. VII—II հազարամյակների բազմաթիվ ժ-ներ (Արագած, Գեղամա լեռներ, Սյունիք՝ Ուղտասարի լանջերին): Սև և սրճագույն ժայռերի ու քարերի վրա բնիկ ցեղերի թողած առատ ու բազմազան պատկերներով (մարդկանց, կենդանիների, երկանիվ, քառանիվ կառքերի ևն), աշխատանքային (արորով վարի ևն), ծիսական, ռազմի, որսի (մեծ մասամբ՝ նետ ու աղեղով) և այլ տեսարաններով, երկնային ուժերի վերաբերյալ պատկերացումների կոմպոզիցիաներով հարուստ ժ-ները արտահայտում են համապատասխան դարաշրջանի մարդու նյութական ու հոգևոր կյանքը: Դրանք հարուստ նյութ են տալիս Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչների կենցաղը, պաշտամունքը, սովորություններն ու արվեստը ուսումնասիրելու համար և կարևոր նշանակություն ունեն իբրև պատմական սկզբնաղբյուրներ: Գիտնականների մեծ մասի կարծիքով ժ-ներն ունեցել են մոգական, հմայական կամ պաշտամունքային նշանակություն: Ժ-ների հիման վրա ենթադրվում է, որ նախամարդը յուրօրինակ պատկերացումներ է ունեցել երկնային մարմինների վերաբերյալ:

Գրկ. Սարդարյան Ս., Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, Ե., 1967: Կարախանյան Գ., Սաֆյան Պ., Սյունիքի ժայռապատկերները, Ե., 1970: Մարտիրոսյան Հ. Ա., Իսրայելյան Հ., Գեղամա լեռների ժայռապատկերները, Ե., 1971: Գ. Կարախանյան