Jump to content

ՀՍՀ/ԺԱՆՏԱԽՏ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԺԱՆՏԱԽՏ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ (Pestis avium), սուր վարակիչ հիվանդությունների անվանում, միավորում է թռչունների եվրոպական կամ դասական ժանտախտը Ա ասիական կամ կեղծ ժանտախտը: Թչունների դասական ժանտախտը (թռչունների գրիպ) բնորոշվում է ստամոքս-աղիքային համակարգի լորձաթաղանթի բորբոքամեռուկային ախտահարումով, դեգեներատիվ փոփոխություններով և հավերի ընտանիքի բոլոր տարիքի թռչունների անկման բարձր տոկոսով: Հանդիպում է Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, իսկ սպորատիկ ձևով՝ Եվրոպայում: Պատճառում է տնտեսական մեծ վնաս: Հարուցիչը օրթոմիքսովիրուսների խմբի վիրուսն (A գրիպ) է: Հիվանդանում են հավերը, խայտահավերը, հնդկահավերը, փասիանները, սիրամարգերը, ինչպես նաև բադերը և սագերը, վայրի թռչուններից՝ ճնճղուկը, թութակը, կաքավը ևն: Ունի համաճարակային բնույթ: Վարակի հարուցիչների աղբյուրը հիվանդ թռչուններն են, իսկ փոխանցման գործոնները՝ վարակված կերը, ջուրը, խնամքի առարկաները: Վիրուսի թափանցման ուղիներն են բերանի և քթի խոռոչները, ակնաթաղանթը և կոյանոցը: Գաղտնի շրջանը 1-3 օր է: Թռչունները թորշոմում են, դառնում քնկոտ, նկատվում է քթից և բերանից լորձահոսություն, լուծ, 1-3 օր հետո 80—90 ը սատկում է: Ախտորոշում են էպիգոոտոլոգիական, կլինիկական, ախտաբանա-անատոմիական և լաբորատոր հետազոտության տվյալներով: Կանխարգելման նպատակով թռչնանոցներն ախտահանում են, արգելում կողմնակի մարդկանց մուտքը, կիրառում զոոհիգիենիկ կանոններ, անապահով տնտեսություններում՝ կարանտին, հիվանդ և կասկածելի թռչունների, դրանցից ստացված մթերքի ոչնչացում են: Կարանտինը հանվում է հիվանդության վերջին դեպքից 4 շաբաթ հետո: Ասիական կամ կեղծ ժանտախտ (Նյու-քասլի հիվանդություն), հայտնաբերված է Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում և Ասիայի մի շարք երկրներում: ՍՍՀՄ-ում արձանագրված է 1944-ին: Հիվանդության հարուցիչը պարամիքսո-վիրուսների խմբի վիրուսն է: Հիվանդության ընթացքը, կլինիկական նշանները և ախտանատոմիական փոփոխությունները շատ նման են եվրոպական ժ-ին: Կանխարգելման միջոցառումները նույնն են, ինչ եվրոպական ժ-ինը: Տես վարակիչ հիվանդություններ: