ՀՍՀ/ԺԱՆՏԱՓՈՒՇ
ԺԱՆՏԱՓՈՒՇ, ցաքի (Paliurus), դժնիկագգիների ընտանիքի բույսերի ցեղ: Հայտնի է 8 տեսակ, առավել տարածված է փշոտ ցաքին: Առատ ճյուղավորված, փշոտ թփեր Են, բարձրությունը՝ 1,5—3 մ: Տերևները հերթադիր են, կլորավուն, ձվաձև, կաշենման, փայլուն, կարճ տերևակոթուններով: Տերևակիցները ձևափոխվել են 2 փշերի: Ծաղիկները երկսեռ են, մանր, դեղնականաչավուն, խմբված տերևածոցերում, կարճ ողկույզների վրա: Պտուղը չոր է, կաշենման, պարունակում է 3 սերմ: Տարածված է Հարավային Եվրոպայում, Առաջավոր և Միջին Ասիայում, Կովկասում, Ղրիմում՝ 1200-1500 մ բարձրության վրա, ՀՍՄՀ-ում՝ Իջևանի, Զանգեզուրի հվ., Մեղրիի շրջաններում, ինչպես նաև Բյուրականում, Արենիում՝ 500-1000 մ բարձրության վրա: Աճում է չոր, քարքարոտ, լավ լուսավորված թեքություններում և ստեղծում անանցանելի թւիուտներ: Բազմանում է մացառներով ու սերմերով: Օգտագործվում է կենդանի ցանկապատ ստեղծելու նպատակով: Արմատներն ու տերևներն ունեն միզամուղ ազդեցություն, կեղևն ու պտուղները հարուստ են դաբաղանյութերով:
