ՀՍՀ/ԺԱՆՐ
ԺԱՆՐ (ֆրանս. genre, լատ. genus—տեսակ, սեռ), գեղարվեստական ստեղծագործության որոշակի տեսակ: Արվեստում արտացոլվող կենսական երևույթների, ինչպես նաև հեղինակային մոտեցման բազմազանության շնորհիվ, պատմական զարգացման ընթացքում ամեն մի արվեստի ներսում գոյացել են ստեղծագործության տարբեր տիպեր (կամ ժ-եր): Այսպես, գրականության մեջ մտնում են էպիկական (վեպ, վիպակ, պատմվածք, նովել, ակնարկ), քնարական (ներբող, եղերերգություն, էպիգրամ, սիրային, հայրենասիրական, Փիլ. լիրիկա), դրամատիկական (ողբերգություն, կատակերգություն, վոդևիլ, դրամա), ինչպես նաև քնարա-էպիկական (պոեմ, բալլադ, առակ) ժ-եր: Երաժշտության ժ-երից են երգը՝ սյուիտը, օպերան, նկարչության ժ-երից՝ բնանկարը, դիմանկարը, պլակատը, ծաղրանկարը: Ամեն մի ժ. ունի իր համեմատաբար կայուն, հաճախ դարերով պահպանվող թեմատիկ, կառուցվածքային հատկանիշները: Միաժամանակ ժ-երը անընդհատ զարգանում են: Առկա գեղարվեստական ձևերի զուգորդումից կարող են առաջանալ նոր ժ-եր (օրինակ, վեպն ու նովելը ծագել են վերածնության դարաշրջանում, դրաման՝ XVIII, ակնարկը՝ XIX դ. գրականության մեջ, ժանրային նկարչությունը և օպերան՝ նոր ժամանակների արվեստում): Երբեմն այս կամ այն ժ. դադարում է գոյություն ունենալուց, օրինակ, անտիկ գրականության և կլասիցիզմի մի քանի տեսակներ (դյուցազներգություն, հովվերգություն): «Ժ.», «սեռ», «տեսակ» տերմինները երբեմն օգտագործվում են մեկը մյուսի փոխարեն:
Գրկ. Գրական ժանրեր, պատմական զարգացումը և ժամանակակից վիճակը, Ե., 1973: Է. Ջրբաշյան
