ՀՍՀ/ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՐՈՄՈՍՈՄԱՅԻՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՐՈՄՈՍՈՄԱՅԻՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ըստ որի սերունդների միջև գենետիկական անընդհատելիությունը պայմանավորված է քրոմոսոմներով, որոնք կրում են գծային դասավորված ժառանգական միավորներ՝ գեներ: Համաձայն այս տեսության օրգանիզմների ժառանգական հատկությունների փոխանցումը սերնդից սերունդ քրոմոսոմների փոխանցելիության արդյունք է: Ժ. ք. տ-յան առաջին պատկերացումները ստեղծվել են XIX դ. 70—80-ական թթ. բջջաբանական հետազոտությունների շնորհիվ: Հատկապես ուշադրություն էր դարձվում բջջային բաժանումների ժամանակ քրոմոսոմների վարքագծին: Վ. Ֆլեմինգի, Է. Ստրասբուրգերի,Պ. Գորյանինովի, Հ. Չիստյակովի, Է. Վան ԲԷնդենի և ուրիշների հետազոտություններից պարզվեց, որ քրոմոսոմները բարակ թելիկներ են և բջջի բաժանման ժամանակ կրկնապատկվում են երկարությամբ ճեղքվելով, ապա կարճանում են, հաստանում: Բջջի բաժանման ժամանակ դիտվում է տվյալ անհատին հատուկ քրոմոսոմների թվի պահպանում թե կենդանիների և թե բույսերի օրգանիզմում: Ելնելով դրանից՝ Ա. Վայսմանը տվեց ժառանգականության իր տեսությունը, ըստ որի ժառանգական գործոնները գտնվում են քրոմոսոմներում: Հետագայում Ու. Սատոնը, Թ. Բովերին և Է. Վիլսոնը (1902—07) Ժ. ք. տ. հիմնավորեցին փաստերով՝ ցույց տալով, որ բջջի բաժանման և սեռական բջիջների ձևավորման (մեյոգ) ժամանակ քրոմոսոմների վարքագծի և ժառանգական գործոնների միջև գոյություն ունի որոշակի կապ: Սեռական բջիջներում քրոմոսոմները մեյոզի հետևանքով յուրաքանչյուր քրոմոսոմային զույգից կրում են մեկական ալել, բեղմնավորության պրոցեսում վերականգնվում է քրոմոսոմների դիպլոիդ հավաքը, և ալելային գեները դարձյալ զույգեր են կազմում: Ժ. ք. տ-յան հետագա զարգացումն ու հիմնավորումը պատկանում է ամերիկյան գիտնական Թ. Մորգանին ու նրա աշխատակիցներին (1910—16). որոնց շնորհիվ ժառանգական գործոնը՝ գեն հասկացությունը, ստացավ նյութական մարմնավորում: Մորգանը ցույց տվեց, որ սեռական քրոմոսոմները ոչ միայն որոշում են օրգանիզմի սեռը, այլև կրում են գեներ, որոնք հսկում են այս կամ այն հատկանիշը: Նա հաստատեց նաև, որ գեները քրոմոսոմների երկարությամբ տեղադրված են գծային ձևով: Միևնույն քրոմոսոմում գտնվող գեները ժառանգվում են միասին, կազմում են առանձին շղթայակցման խմբեր, որոնց թիվը համապատասխանում է տվյալ տեսակին բնորոշ հոմոլոգ քրոմոսոմների թվին: Ժ. ք. տ. խորացվեց և ավելի հաստատվեց վերջին տասնամյակում, պարզվեց քրոմոսոմների քիմ. կառուցվածքը, որի հիմքում ընկած է սպիտակուցի և դեզօքսիռիբոնուկլեինաթթվի (ԴՆԹ) համալիրը: Փորձնականորեն ապացուցվեց ԴՆԹ-ի գենետիկական դերը, որ զենը ԴՆԹ-ի մոլեկուլի որոշակի հատվածն է, ճշտվեցին նրա ֆունկցիոնալ հատկությունները: Այսպիսով ժ. ք. տ. բացահայտեց ժառանգականության ներբջջային մեխանիզմները, տվեց ճիշտ և միասնական բացատրություն սեռական բազմացման ժամանակ տեղի ունեցող ժառանգականության պրոցեսներին: Տես նաև Գենետիկա, ժառանգականություն:
Գրկ. Лобашев М.Е., Генетика, 2 изд., Л., 1969 Натали В.Ф., Основные вопросы генетики, М., 1967. Տես նաև ժառանգականություն հոդվածի գրականությունը:
