ՀՍՀ/ԺԱՍՄԵՆ
ԺԱՍՄԵՆ Մարիամ Հովսեփի Գրիզորյան, 7(19).6.1894, Թիֆլիս 18.1. 1978, Երևան, հայ դերասանուհի: Ադրբ. ՍՍՀ (1935) և ՀՍՍՀ (1963) Ժող. արտիստուհի: ՍՄԿԿ անդամ 1940-ից: Բեմ է բարձրացել 1909-ին, Հավլաբարի «Նոր դրամա» թատրոնում, ապա խաղացել Արտիստական ընկերության թատրոնում: Նրա դերասանական արվեստի ձևավորմանը մեծապես նպաստել են Սիրանույշը և, հատկապես, Հ. Աբելյանը: 1912-ին մասնակցել է հայ թատրոնի հյուրախաղերին Մոսկվայում, իբրև ազատ ունկնդիր ընդունվել Գեղարվեստական թատրոնի 1 ստուդիա, Գ. Բուրջալովի ղեկավարությամբ պատրաստել Սալոմեի դերը (Օ. Ուայլդի «Սալոմե»): 1913-ին Կիևում նկարահանվել է «Երջանկության բանալիները» ֆիլմում (Սոնյա): 1913 ից հանդես է եկել Հ. Աբելյանի թատերախմբում, մարմնավորել հոգեբանական բարդ ապրումներով կերպարներ՝ Սուսան, Սոնա (Շիրվանզադեի «Նամուս», «Չար ոգի»), Տրիլբի (Գ. Գեի «Տրիլբի»), Դեզդեմոնա, Կատարինա (Շեքսպիրի «Օթելլո», «Կամակոր կնոջ սանձահարումը») ևն: 1917-ից մասնակցել է Բաքվի հայոց կուլտուրական միության թատերախմբի ելույթներին: Որպես գթության քույր 1918-ին մասնակցել է Բաքվի կոմունայի պաշտպանությանը: Ադրբեջանի սովետական հայկական թատրոնի հիմնադիրներից է և առաջին ռեժիսորը (1920): 1924—25-ին խաղացել է Երևանի «Հեղափոխության թատրոնում», 1925—49-ին՝ Բաքվի հայկական թատրոնում: Լավագույն դերակատարումներից են՝ Էփեմիա (Գ. Սունդուկյանի «Պեպո»), Նատաշա (Շիրվանզադեի «Մորգանի խնամին»), Ռագան (Մուրացանի «Ռուզան»), Լիդա (Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ»), Լաուրենսիա (Լոսլե դե Վեգայի «Ոչխարի աղբյուր»): Ժ-ի դերասանական արվեստի գլուխգործոցներից են՝ Մարգարիտը (Շիրվանզադեի «Պատվի համար»), Սևիլը (Ջաբարլիի «Սևիլ»), Կատերինան, Կրուչինինան (Ա. Օստրովսկու «Ամպրոպ», «Անմեղ մեղավորներ»): 1959—67-ին աշխատել է Երևանի Գ. Սունդուկյանի անվ. թատրոնում, կատարել Կրուչենինայի և Մեծ մայրիկի (Դեմիրճյանի «Վարդանանք») դերերը: Ժ-ի ռեալիստորեն մարմնավորած կերպարներում արտահայտվել է կնոջ պայքարն ազատության ու անկախության համար: Դերակատարումները եղել են հոգեբանորեն համոզիչ, ներգործուն, բուռն ապրումներով հագեցված: Նրա արվեստին բնորոշ է բեմական խոսքի բարձր կուլտուրան, հարուստ դիմախաղը, համր տեսարանները խաղով լրացնելու վարպետությունը: Եղել է Ադրբ. ՍՍՀ I—IV գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:
Գրկ. Թերզիբաշյան Վ., Ժասմեն, Ե., 1959: Ժասմեն (ալբոմ-ժողովածու), Ե., 1976: Բ. Հովակիմյան
