ՀՍՀ/ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ, բուժիչ միջոցների, դեղաբույսերի, հիգիենային հմտությունների և մարդու առողջության պահպանման, հիվանդությունների բուժման ու կանխարգելման նպատակով դրանց գործնական կիրառության վերաբերյալ ժողովրդի կուտակած փորձնական տեղեկությունների ամբողջություն: Սերնդից սերունդ բանավոր հաղորդված այդ տեղեկություններն արտացոլվել են ժող. սովորույթներում, առակներում, ասույթներում, հեքիաթներում, գրավոր աղբյուրներում (բժշկարաններ): Նախնադարյան հասարակարգում ժ. բ. եղել է բժշկության միակ ձևը: Նախամարդը կարողացել է բուժել կոտրվածքները, ուղղել հոդախախտերը, պատկերացում է ունեցել ցավազրկող բույսերի, արևի ճառագայթների ու ջրի բուժիչ նշանակության մասին: Ժ. բ-յան վրա էական ազդեցություն են գործել սնոտիապաշտական և խորհրդապաշտական պատկերացումները՝ ճանապարհ հարթելով հեքիմության համար: Ստրկատիրական հասարակարգում տաճարային հոգևորականությունը իրականում բուժելով ժ. բ-յան դեղամիջոցներով, հավատացնում էր, որ դա կատարվում է սրբերի, աստվածների ու ոգիների օգնությամբ: Հին աշխարհում բժշկությունը լայնորեն օգտագործել է ժ. բ-յան փորձը: Բուժամիջոցների (հեղուկ դեղանյութեր, քսուքներ) հարուստ զինանոց են ունեցել Միջազետքի բժիշկները, դեռևս մ. թ. 6 հզ. տարի առաջ բնական միջոցներով բուժումը հայտնի էր շումերներին: Եգիպտացիները բուժման նպատակով օգտագործել են ափիոն, մատուտակ, խաշխաշ, լոտոս: Տիբեթական բուդդայական բժշկությունը թերապիայի հիմքը համարել է բնական բուժիչ միջոցների օգտագործումը: Ժ. բ-յան վերաբերյալ տեղեկություններ կան Հին աշխարհի նշանավոր բժիշկներ Հիպոկրատեսի (մ. թ. ա. 460—377), Գալենոսի (130—200), հետագայում՝ իբն Սինայի (Ավիցեննա) և այլոց աշխատություններում: Գիտական բժշկության մեջ օգտագործվել և օգտագործվում են ժ. բ-յան բազմաթիվ մեթոդներ (օրինակ, ասեղնաբուժություն): Կենտրոնական Աֆրիկայի բնակիչները հաջողությամբ կատարել են կեսարյան հատում: Ժ. բ-յան փորձի հիման վրա Հայաստանում պատրաստված մի շարք դեղանյութեր (հայկական կավ, կապույտ քար, անուշադր) արտահանվել են: Ավանդաբար հաղորդված փորձի հիման վրա, տնային պայմաններում, ինչպես նաև թերապիայի, վիրաբուժության և գիտական բժշկության այլ բնագավառներում այսօր կիրառում են բնական միջոցներից (բույսեր, արմատներ, պտուղներ, հանքային ջրեր, հանքանյութեր) պատրաստված դեղեր: Բույսերի շատ տեսակներ (եղինջ, դաղձ, ուրց, սինձ, սիբեխ, ավելուկ, շուշան, թելուկ ևն), օգտագործվելով իբրև սնունդ, նպաստում են ներքին օրգանների հիվանդությունների ու բորբոքումների ապաքինմանը: Բազմաթիվ արմատներ, պտուղներ, խոտեր, ծաղիկներ (մատուտակ, եգան լեզու, գազ, մատիտեղ, վարդ ևն) օգտագործվում են ստամոքս-աղիքային, սիրտ-անոթային և այլ հիվանդությունների ու վերքերի բուժման համար: Ժամանակակից բժշկության մեջ կիրառվում են ժ. բ-ից փոխանցված բուժման մեթոդներ (արևաբուժություն, օդաբուժություն, ջրաբուժություն, բուսաբուժություն ևն):
Գրկ. Մխիթար Հերացի, Ջերմանց մխիթարութիւն, վնտ., 1832: Գրիգորիս, Քննութիւն բնութնաե մարդոյ և նորին ցաւոց, (աշխատասիրություն Ա. Կծոյանի), Ե., 1962: Ամիրդովլաթ Ամասիացհ, Անգիտաց անպէտ, Վնս., 1926: Կծոյան Ա., Բժշկագիտությունը Հայաստանում XI—XIV դարերում, Ե., 1968: Հակոբյան Ս. Գ., Հայկական բնաշխարհի դեղաբույսերը, Ե., 1975: Оганесян Л. А., История медицины в Армении, т. 1-5, Е., 1946-47.
