ՀՍՀ/ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ, նվագարանների համեմատաբար մեծաթիվ անսամբլ, որ պահպանում է հնչման ազգային երանգ, կատարում ժող. երաժշտության մշակումներ և այդ ոճով գրված ստեղծագործություններ: Լինում է միատարր (օրինակ, միայն լարային կամ փողային գործիքներից) և խառը: ՍՍՀՄ-ում հռչակված են Վ. Անդրեևի անվ., Ն. Օսիպովի անվ., Կուրմանգազիի անվ. ղազախական, Ա. Պետրոսյանցի՝ ուզբեկական վերակառուցված գործիքների նվագախմբերը, ուկրաինական բանդուրիստների կապելլան ևն: Հայկ. ժող. երաժշտական անսամբլային կատարման հնագույն հիշատակությունը Փավստոս Բուզանդինն է՝ «իբրեւ ընդ գինիս մըտին, որպէս զառաջին ուրախութեանցն նուագն մատուցին արքային Պապայ, եւ առհասարակ թմբկահարք եւ սրնգահարք, քնարահարք եւ Փողահարք իւրաքանչիւր արուեստօք պէսպէս ձայնիւք բարբառեցան»: Սովետական տարիներին աչքի են ընկել Վ. Բունիի կատարելագործած գործիքների «Արևելյան սիմֆոնիկ նվագախումբը», Հայֆիլհարմոնիայի ժողգործիքների նվագախումբը (1937—41), հայկ. ռադիոյի և հեռուստատեսության Ա.Մերանգուլյանի անվ. անսամբլը:
Ռ. Աթայան
