ՀՍՀ/ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ, շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարան, ՍՍՀՄ-ում առաջին ատյանի դատարան շրջանի (շրջանային բաժանում չունեցող քաղաքի) տարածքում: Քննում է քրեական ու քաղաքացիական բոլոր գործերը, բացառությամբ օրենքով մյուս դատարանների իրավասությանը հանձնած և վարչական խախտումների վերաբերյալ որոշ գործերի: Ժ. դ-ների կազմակերպման սկզբունքները որոշվել են դեռևս սովետական իշխանության առաջին տարիներին: 1917-ի նոյեմբ. 28-ի դատարանի մասին դեկրետով ստեղծվեցին ժ. դ-ներ: ՀՍՍՀ-ում ժ. դ-ներ ստեղծվեցին 1920-ի դեկտեմբերին: 1936-ի ՍՍՀՄ Սահմանադրությունը և նրա հիման վրա ընդունված օրենքները ամրապնդեցին ժ. դ-ների ընտրովիության, ընտրողների առաջ հաշվետու լինելու, կոլեգիալության (ժող. դատավոր և 2 ժող. ատենակալ), դատարանի անկախության դեմոկրատական հիմունքները: Այդ սկզբունքներն ամրապնդվել են նաև ՍՍՀՄ գործող Սահմանադրությամբ: Գույքային բռնագանձումների գծով ժ. դ-ների դատավճիռները, քաղաքացիական գործերով վճիռներն ու որոշումներն իրականացնում են դատական կատարածուները: ժ. դ-ներն զգալի դեր ունեն սոցիալիստական և անձնական սեփականության, քաղաքացիների քաղ., աշխատանքային, գույքային և այլ շահերի, կոլտնտեսությունների և հասարակական այլ կազմակերպությունների գույքային իրավունքների պաշտպանության գործում: Տես նաև Դատարան:
