Jump to content

ՀՍՀ/ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ ՍՍՀՄ-ում, թատերական գեղարվեստական ինքնագործունեության բարձրագույն ձևը, նրա զարգացման նոր և առավել բարձր աստիճանը: Ժ. թ-ները ստեղծվում են ստեղծագործաբար հասուն, ճանաչված, մշտապես գործող դրամատիկական և երաժշտական (օպերա, բալետ, երաժշտական կոմեդիա) ինքնագործ կոլեկտիվների հիման վրա, որոնք ունեն կայուն թատերախումբ, գաղափարական և գեղարվեստական առումով լիարժեք խաղացանկ, ներկայացումների պատրաստման, ելույթների և ուսումնամանկավարժական աշխատանքի անհրաժեշտ պայմաններ (տես Ինքնագործունեություն գեղարվեստական): Պետական ցանցի առաջին ժ . թ-ները ստեղծվել են 1959-ին, արհմիութենականը՝ 1961-ին: 1959-ին Հայաստանում ժ. թ-ներ են կազմակերպվել Դիլիջանում, Էջմիածնում, Ստեփանավանում, Արթիկում, Ալավերդիում և Անիում, 1960—61-ին՝ Հոկտեմբերյանում, Վեդիում, Կալինինոյում, Ապարանում, Աշտարակում, Թալինում, Սպիտակում: Ամենաերիտասարդը Արագածի և Երևանի N 3 մշակույթի տան ժ. թ-ներն են, որոնք այդ կոչմանն արժանացել են 1975-ին: ՀՍՍՀ-ում գործում է (1977) 31 ժ. թ., որոնցից յոթը՝ արհմիութենական: Գյուղերում, բանավաններում, շրջկենտրոններում, քաղաքներում, ուր չկան պրոֆեսիոնալ թատրոններ, դրանց փոխարինում են ժ. թ-ները՝ կարևոր դեր խաղալով աշխատավորության գեղագիտական ճաշակի բարձրացման, հայրենասիրության ու մարդասիրության վեհ գաղափարներով դաստիարակելու գործում, միաժամանակ նպաստելով մասնակիցների կատարողական վարպետության բարձրացմանը: Հայաստանի ժ. թ-ները ելույթ են ունենում նաև եղբայրական հանրապետությունների հայաբնակ վայրերում: Նրանց առավել հետաքրքիր ներկայացումներից են՝ Գ. Բորյանի «Նույն հարկի տակ»ը (Ատեփանավանի մշակույթի պալատին կից ժ. թ., ռեժ. Ա. Խանբեկյան), Ա. Արաքսմանյանի «Վարդեր և արյուն»ը (Իշխանի մշակույթի տանը կից ժ. թ., ռեժ. Ա. Հովհաննիսյան), Գ. Սունդուկյանի «Պեպո»ն (Էջմիածնի մշակույթի պալատին կից ժ. թ., ռեժ. Գ. Սիմոնյան), Ա.Ղալումյանի «Երևանյան մանրապատումներ», (Երևանի N. 3 մշակույթի տանը կից «Երիտասարդություն» ագիտ ժ. թ., ռեժ. կԿ. Ֆեսչյան), որոնք Հոկտեմբերյան մեծ հեղափոխության 60-ամյակին նվիրված համամիութենական փառատոնում (1977) արժանացել են ոսկե մեդալի: Բազմաթիվ ժ. թ-ներ ստեղծում են սեփական օրիգինալ խաղացանկ, ներկայացումներ են բեմադրում գրական նյութի հիման վրա, օգտագործում վավերագրեր, հրապարակախոսություն: Այդօրինակ ժ. թ-ներից է Երևանի N. 3 մշակույթի տանը կից ժ. թ., որը, րացի նշված բեմադրությունից, Ե. Չարենցի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ ստեղծել է «Կապկագ-թամաշա» գրական-բանաստեղծական ներկայացումը (ռեժ. Կ.Ֆեսչյան): Ժ. թ-ները համարվում են կիսապրոֆեսիոնալ թատրոններ, որ ղեկավարում են գլխավոր ռեժիսորը և նկարիչը (բեմադրական մասի վարիչը), երաժշտական ժ. թ-ներում՝ նաև դիրիժորը, խմբավարը, բալետայիններում՝ բալետմայստերը, որոնք սովորաբար հաստիքային աշխատողներ են: Դերասանները և ներկայացման մյուս մասնակիցները (լուսարարները, բեմադիրները, հանդերձարարները ևն) տվյալ շրջանի դերասանական շնորհք ունեցող բանվոր-ծառայողներ են կամ պարզապես թատերական գործը սիրողներ, որոնք հասարակական հիմունքներով, մեծ սիրով ու նվիրումով մասնակցում են թատերախմբի աշխատանքներին: Շատ ժ. թ-ներին կից կան թատերական ստուդիաներ, ուր տարվում է դերասանի վարպետության, բեմական խոսքի, բեմական շարժման, դիմահարդարման սիստեմատիկ ուսուցում: Հայաստանում ստուդիաներ են ստեղծվել Իջևանի, Էջմիածնի, Երևանի «Նաիրիտ» միավորման մշակույթի պալատի ժ. թ-ներին կից: ժ. թ-ների բազմաթիվ ռեժիսորներ արժանացել են արվեստի վաստ. գործչի, կուլտուրայի վաստ. գործչի և այլ պատվավոր կոչումների: ՀԱԱՀ վաստ. արտիստի կոչման են արժանացել Ս. Գալոյանը, Ա. Կայծունին, Ռ. Աարգսյանը, վաստակավոր նկարչի կոչման՝ Գ. Ոսկանյանը, ՀԱՍՀ կուլտուրայի վաստ. գործչի կոչման՝ Ա. Խանբեկյանը: Ժ. թ-ների ղեկավար ռեժիսորներ պատրաստում են կուլտուրայի պետ. ինստիտուտները և Ե. Վախթանգովի անվ. թատրոնին կից Բ. Վ. Շչուկինի անվ.թատերական ուսումնարանի հեռակա ռեժիսորական բաժանմունքը (1959-ից), Հայաստանում՝ Երեվանի գեղարվեստա-թատերական ինստ-ը, Խ. Աբովյանի անվ. Մանկավարժական ինստ-ի կուլտուրայի ֆակուլտետը, Էջմիածնի ակումբա-գրադարանային տեխնիկումը, ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրության կուլտուր-լուսավորական աշխատանքի և ժող. ստեղծագործության հանրապետական գիտամեթոդական կենտրոնի վերապատրաստման դասընթացները: Ժ. թ-ներին ստեղծագործական օգնություն են ցույց տալիս պրոֆեսիոնալ թատրոնները և Համառուսաստանյան թատերական ընկերությունը, ուր 1959-ից ստեղծվել են ժ. թ-ների կաբինետ և Ժ. թ-ների խորհուրդ: Կաբինետն ուսումնասիրում է Ժ. թ-ների գործունեությունը, նրանց զարգացման միտումները, մասնակցում մեթոդական գրականության պատրաստմանը, անց է կացնում ժ. թ-ների ռեժիսորների սեմինարներ: Հայաստանում այդ գործը կատարում է Հայկական թատերական ընկերությանը կից գեղարվեստական ինքնագործունեության բաժինը (վարիչ՝ ՀԱՍՀ արվեստի վաստ. գործիչ Ղ. Ղազարյան) և ՀՍԱՀ կուլտուրայի մինիստրության կուլտուր-լուսավորական աշխատանքի և ժող. ստեղծագործության հանրապետական գիտամեթոդական կենտրոնը: 1974-ին ՍՍՀՄ-ում գործել է 2000-ից ավելի ժ. թ. (այդ թվում՝ 50 երաժշտական): Բանավոր ստեղծագործության հետ կապված ժ. թ-ի մասին տես Ստեղծագործություն ժողովրդական հոդվածում:

Գրկ. Հովակիմյան Հ. Մ., Հայաստանի ժողովրդական թատրոնները, Ե., 1972: Народные театры страны, Сборник статей, М., 1968.

Հ. Հովակիմյան