ՀՍՀ/ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐ
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐ, ՍՍՀՄ-ում աշխատավորների ինքնակրթությանը, ընդհանուր զարգացմանը և պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը նպաստող հասարակական ուսումնական հիմնարկություններ: Ստեղծվել են սովետական օրոք: 50-ական թթ. վերջերին, գիտատեխնիկական հեղափոխության և կուլտուրական առաջընթացի պայմաններում երևան եկան նոր հիմունքներով գործող ժ. հ. կուլտուրայի համալսարաններ: Հետագայում ժ. հ-ի համակարգում առաջացավ ուսուցման տարբերակում՝ ըստ գիտելիքների (հասարակական-քաղաքական, բնագիտական, տնտեսագիտական, գյուղատնտեսական, գիտատեխնիկական, իրավական ևն) և կուլտուրայի հիմնական բնագավառների (կինո, երաժշտություն, կիրառական արվեստ ևն): 1974 75 ուս. տարում գործել են մոտ 34 hq. ժ. հ. (8 մլն ունկնդիր, 508 հգ. դասախոս): Ուսուցումը ձրի է՝ առանց արտադրությունից կտրվելու: Դասախոսություններից բացի անցկացվում են սեմինարներ, ռեֆերատների ընթերցումներ, էքսկուրսիաներ, հանդիպումներ: Ժ. հ-ի կազմակերպիչներն են համամիութենական «Գիտելիք» ընկերությունը, ՀԱՄԿԽ-ն, կոմերիտմիությունը, մինիստրությունները, ստեղծագործական միությունները: Միութենական հանրապետությունների Ժ. հ-ի հասարակական խորհուրդների աշխատանքը ղեկավարում և կոորդինացնում է ժ. հ-ի Կենտրոնական խորհուրդը (Մոսկվա, 1968-ից): ՀՍՍՀ-ում ժ. հ-ի նախատիպն են 20-ական թթ. ստեղծված՝ «Կորչի անգրագիտությունը» ընկերության կազմակերպությունները: 30-ական թթ. ստեղծվել են կուլտուրայի համալսարաններ, իսկ հետագայում նաև՝ տնտեսագիտական, առողջապահական և այլ բնույթի ժ. հ.: 1974 75 ուս. տարում գործել են 735 ժ. հ. (874 ֆակուլտետ, մոտ 150 հզ. ունկնդիր): Արևմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ում (XIX դ. կեսից) և մինչհեղափոխական Ռուսաստանում (XIX դ. վերջից) ժ. հ-ի անվան տակ եղել են զանազան հիմնարկություններ, որոնք արտադրության շահերից ելնելով, նպատակ ունեին տարրական հանրակրթական և մասնագիտական գիտելիքներ տալ աշխատավորներին:
Գրկ. Սիմոնյան Հ. Ռ., Հայաստանի ժողովրդական համալսարանները, Ե.,1971: Բ. Միրաքյան
