Jump to content

ՀՍՀ/ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱ (ֆրանս. journal—օրաթերթ), զանգվածային հաղորդակցության միջոցներով (մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, կինո ևն) հրատապ ինֆորմացիա հավաքող, մշակող և պարբերաբար տարածող հասարակական գործունեության տեսակ, պրոպագանդայի և ագիտացիայի ձև: Պատկերում է իրականությունը, նրա օրինաչափություններն ու զարգացման ընթացքը, ունի սոցիալ-կողմնորոշող նշանակություն: Ժ-ի դասակարգային բնույթը համապատասխանում է տվյալ դասակարգի քաղաքականությանն ու գաղափարախոսությանը: «Ժ.» տերմինով սահմանագծվում է ժուռնալիստական գործունեության բազմատարր արտադրանքը, նրա ընդգրկած մասնագիտությունների հանրագումարը և համապատասխան առարկայի ուսումնասիրությունն ու դասավանդումը: Տպագիր ժ. սկզբնավորվել է XVII դ., բուրժուազիայի՝ ֆեոդալիզմի դեմ քաղ., տնտ. և գաղափարական պայքարի դարաշրջանում: Լուսանկարչության և կինեմատոգրաֆիայի հայտնագործումը նպաստեց ֆոտո և կինոժուռնալիստիկայի, իսկ ռադիոտեխնիկայի նվաճումները՝ ռադիո և հեռուստաժուռնալիստիկայի բուռն զարգացմանը: Ժ-ի խնդիրը, ըստ Կ. Մարքսի ե Ֆ. Էնգելսի, ընթացիկ պատմության համակողմանի արտացոլումն է: Միաժամանակ իրականության այս կամ այն կողմը ժ-ի համակարգի յուրաքանչյուր տարրի քննության առարկան է, որով և պայմանավորվում է ժ-ի ձևերի բազմազանությունը (հրապարակախոսական, գեղարվեստական, գիտական ևն): Ժ-ի մարքս-լենինյան տեսությունը պարտավորեցնում է ներկայացնել իրականությունը՝ զանգվածների ճշմարիտ սոցիալական կողմնորոշման, կոմունիստական կուսակցության, պրոլետարական ինտերնացիոնալիզմի, սոցիալիստական հայրենասիրության և հումանիզմի սկզբունքներից: Սոցիալիստական ժ-ին է վերաբերում Վ. Ի. Լենինի՝ մամուլը սենսացիաներ և քաղ. պարզ նորություններ հաղորդող օրգանից մարդկանց դաստիարակության միջոցի վերածելու պահանջը: Սովետական իշխանության առաջին տարիներին Լենինը կոչ էր անում. «Ավելի քիչ քաղաքական ճոռոմաբանություն: Ավելի քիչ ինտելիգենտական դատողություններ: Ավելի մոտ կյանքին: Ավելի շատ ուշադրություն այն բանին, թե ինչպես բանվորական և գյուղացիական մասսան իրականում կառուցում է մի նոր բան իր առօրյա աշխատանքում: Ավելի շատ ստուգում այն բանի, թե որքան կոմունիստական է այդ նորը» (Երկ., հ. 28, էջ 109): Մարքսիստական ժ-ի ժողովրդայնությունը դրսևորվում է դեմոկրատական և սոցիալիստական վերափոխումների համար պայքարի պաշտպանությամբ (ՍՍՀՄ-ում և սոցիալիզմի երկրներում նաև՝ ժ-ի գործունեությանը մասսաների ակտիվ մասնակցությամբ): ժ. օբյեկտիվ է, երբ հանդես է գալիս որպես հասարակական զարգացման պահանջները մարմնավորող և սոցիալական առաջընթացը ջատագովող ուժերի արտահայտիչ ու պաշտպան և մերժում «վերադասակարգածին» կամ «անկուսակցական» դիրքորոշումը: Բուրժ. ժ. կիրառում է ապակողմ նորոշման և մոլորեցնող տեղեկություններ հաղորդելու քաղաքականություն: Մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը շահառության գործիքների վերածված և մոնոպոլիաների ֆինանսա-քաղ. հսկողության ներքո գտնվող կապիտալիստական խոշոր ձեռնարկություններ են, որոնց վրա զգալի ազդեցություն ունի պետությունը՝ նպատակամղված ինֆորմացիայի մատակարարումով: Բուրժ. գաղափարախոսները փորձում են պառլամենտական և պրեզիդենտական ընտրությունների շրջանում քաղ. ուժերի ներկայացուցիչների ելույթները ներկայացնել որպես խոսքի և մամուլի ազատության դրսևորում: Այս պնդումները ստահոդ են: Բուրժ. ժ. իրավական ազատությունները օգտագործում է հակաժողովրդական կարգերի պաշտպանության, առաջադեմ ուժերի դեմ պայքարի նպատակով և, հետևաբար, կաշկանդված է սոցիալ-պատմական առումով: Սոցիալիստական երկրների ժ. արդարև ազատ է, քանի որ օգտվում է հասարակության առաջադիմությանը նպաստող օրենսդրական իրավունքներից: ՍՍՀՄ Սահմանադրությունով սովետական քաղաքացիների խոսքի և մամուլի ազատությունը երաշխավորված է «աշխատավորության շահերին համապատասխան և սոցիալիստական կարգերի ամրապնդման նպատակով» գործելու պայմանով (հոդված 125): Սովետական օրենքով պատժվում է հակասովետական, պատերազմի, ցեղային և ազգային թշնամանք սերմանող պրոպագանդան, ազնիվ մարդկանց վարկաբեկումը, պոռնոգրաֆիան ևն, որով իսկ արձանագրվում է ժ-ի պատասխանատվությունը սովետական հասարակության առջև: Ժ. կոլեկտիվ գործունեություն է: Ընդգրկում է հրատարակիչ-ժուռնալիստ լսարան համակարգը և պահանջում կադրերի գաղափարական և մասնագիտական պատրաստվածություն: Կոմունիստ ժուռնալիստներին յուրահատուկ են խոր գաղափարայնությունն ու սկզբունքայնությունը, անհաշտ վերաբերմունքը գաղափարական հակառակորդների նկատմամբ և հասարակական երևույթները մարքսիստական մեթոդոլոգիայով վերլուծելու կարողությունը, ծավալվող իրադարձությունների օպերատիվ քննարկումը, փաստերի ու գործելակերպի պատճառների վերհանումը: Կոմունիստ ժուռնալիստների համաստեղության փայլուն ներկայացուցիչն էր Վ. Ի. Լենինը, որը կուսակցության X համագումարի և Մոսսովետի դեպուտատների անձնական գործի «հիմնական զբաղմունքը հեղափոխությունից առաջ» հարցմանը պատասխանել է «ժուռնալիստ»: Խոսքի պարզությունն ու որոշակիությունը, պատկերների և մտքերի մատչելիությունը, շարադրանքի համոզչությունը բնորոշ են հեղափոխական ժ-ի նշանավոր վարպետներին (Ի. Բաբուշկին, Ն. Բաուման, Վ. Վարավսկի, Ա. Լունաչարսկի, Գ.Պետրովսկի, Ե. Ատասով, Ս. Շահումյան, Ս. Սպանդարյան): Սոցիալական կյանքի բարդացումը, գիտատեխնիկական հեղափոխության նվաճումները և գիտական առաջընթացը պարտադրում են ժուռնալիստի մասնագիտացում գիտության, տեխնիկայի, մշակույթի բնագավառներում: Սովետական ժուռնալիստական դպրոցի նշանավոր դեմքերից են Մ. Կոլցովը, Ի. Էրենբուրգը, Էլ-Ռեգիստանը, Կ. Սիմոնովը, Վ. Զորինը, Գ. Զուբկովը, Ի. Մատվեևը, է. Մնացականովը և ուրիշներ: Ժուռնալիստները միավորված են ստեղծագործական միություններում (տես ժուռնալիստների միություն ՍՍՀՄ): Սոցիալիստական երկրների ժուռնալիստների միությունները, կապիտալիստական և զարգացող երկրների առաջադիմական ժուռնալիստական միավորումները անդամակցում են 1964-ից Պրագայում գործող ժուռնալիստների միջազգային կազմակերպությանը (ԺՄԿ): ԺՄԿ-ի 7-րդ կոնգրեսին (Հավաննա, 1971) մասնակցել են 84 երկրների ներկայացուցիչներ: ԺՄԿ հրատարակում է «Դեմոկրատական ժուռնալիստ» (4 լեզվով) հանդեսը: 1958 թ. սեպտ. 8-ը (1943-ին չեխ ժուռնալիստ Յու. Ֆուչիկին մահապատժի ենթարկելու օրը) նշվում է իբրև ժուռնալիստների համերաշխության միջազգային օր: ՍՍՀՄ-ում ժ-ի տեսության ու պրակտիկայի հարցերին են նվիրված «ժուռնալիստ» («Журналист»), «Ռաբոչե-կրեստյանսկի կորեսպոնդենտ» («Рабоче-крестьянский корреспондент») «Տելեվիդենի-յե ի ռադիովեշչանիյե» («Телевидение и радиовещание»), «Սովետսկոյե ֆոտո» («Советское фото») հանդեսները: Հայ Ժ. սկզբնավորվել է 1794-ին Մադրասում («Ազդարար»ի հրատարակությամբ): Այնուհետև հայերեն պարբերականներ են հրատարակվել Եվրոպայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում և այլուր: XIX դ. 60-ական թթ. հայ ժ. բուռն զարգացում է ապրում Արևմտյան Հայաստանում և Անդրկովկասում: Ժամանակի առաջադիմական հասարակական մտքի բարձրակետն էր «Հյուսիսափայլ»ը (1858—64): ժ-ի մարզում «Հյուսիսափայլ»ի ստեղծած ավանդները և Նալբանդյանի հեղափոխական-դեմոկրատական հրապարակախոսությունը շարունակեցին հետագա տարիների մամուլի հայ գործիչները (Ս. Նագարյանց, Գ. Արծրունի, Ա. Ոսկան, Ա. Արփիարյան, Գ. Զոհրապ, Ե. Օտյան և ուրիշներ): XIX դ. վերջերին հայ ժ. արդեն ուներ իր դասակարգային դիմագիծը և ներկայացնում էր հայ հասարակական հոսանքները: 1900-ական թթ. հայ իրականության մեջ սկզբնավորվում է բոլշևիկյան ժ., որի աչքի ընկնող ներկայացուցիչներն էին Ս. Շահումյանը, Ս. Սպանդարյանը, Բ. Կնունյանցը: Հայ սովետական ժ. մեծ դեր է կատարել և կատարում է ՀՍՍՀ-ում սոցիալիզմի ու կոմունիզմի կառուցման հրատապ հարցերի լուծման գործում: Առաջին հնգամյակների տարիներին հրապարակախոսական շնչով ու ջերմ հայրենասիրությամբ էին հագեցված Ա. Մյասնիկյանի, Մ. Մռավյանի, Ա. Կարինյանի, Ե. Չուբարի, Ա. Հովհաննիսյանի՝ կուսակցության և Հայաստանի տնտեսական շինարարության հարցերին նվիրված հողվածները: Հայ սովետական ժուռնալիստների հետագա սերունդը (՝Հ. Միրզոյան, Հ. Քոչար, Ա. Մնացականյան, Ս. Կուրտիկյան, Ա. Թադեոսյան, Բ. Մկրտչյան և ուրիշներ) ակտիվ մասնակցություն ունեցավ Հայրենական մեծ պատերազմի հաղթարշավի, թիկունքի հերոսական աշխատանքների և ետպատերազմյան խաղաղ շինարարության հարցերի լուսաբանմանը:

Գրկ. Маркс К. и Энгельс Ф., О печати, М., 1963 Ленин В. И., О печати, М., 1959 О партийной и советской печати, радиовещании и телевидении, Сб. док. и материалов, М., 1972 Журналистика (сб. статей), в. 1-3…, М., 1971—73…