ՀՍՀ/Ի
Ի, հայերեն այբուբենի տասնմեկերորդ տառը: Անունն է ինի: Ի տառը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը՝ տառակերտման սեփական սկզբունքով: Տողին ուղղահայաց երկարին աջից, կենտրոնում, միանում է կարճը: Լայնը տեղավորված է երկարի ձախ կողմում՝ ստորին մասում, տողագծից ցած և վերին ծայրից նուրբով միանում է երկարի ստորին ծայրին՝ ի: Դյուրագրության պահանջով լայնը նուրբի հետ ձգվում է ներքև, ապա ընկնում՝ Ի. պահպանվել է հատկապես գլխագրում: Այս երևույթը ավարտվում է IX դ., որից հետո ի նույնն է բոլոր գրատեսակներում. ենթարկվում է միայն յուրաքանչյուր գրատեսակի գծագրական յուրահատկություններին՝ գրչագիր՝ ի, երկաթագիր՝ Ի, բոլորգիր՝ ի, շղագիր՝ ի, նոտրգիր՝ ի: Ժամանակակից շղագրում մեծատառը վերևի ձախ կողմից ընդունում է մազագծիկ, իսկ ներքևի ձախ կողմից, օղակ: Ի նշանագրում է հայերենի վերին բարձրացման առաջնային շարքի ոչ շրթնայնացած ձայնավոր հնչյունը (հնչույթը): Գրաբարում, միանալով ա և ւ հնչյուններին, կազմում է երկբարբառներ (հարիւր, պատանեակ), հանդես է գալիս որպես նախդիր (ի բանի)՝ ձայնավորից առաջ հնչյունափոխվելով յ-ի (յագգէ), ու ից առաջ ընկնում է (վայրենի-վայրենութիւն), հոլովման մեջ ո-ից առաջ փոխարինվում է ւ-ով: Ժամանակակից հայերենում (ինչպես նաև գրաբարում) փակ վանկի շեշտակիր ի շեշտից գրկվելով, որպես կանոն, հնչյունափոխվում է ը-ի կամ սղվում է (սիրտ-սրտի, ամուսին-պատանեկան): Միանալով ա-ին՝ կարող է տալ և (տարի ական տարեկան): Ի հանդես է գալիս նաև որպես բառակազմական խնձորի (խնձորենի), կաղնի ևն և բառաթեքական (սեղանի) ձևույթներ: Ի հայոց այբուբենի տասնմեկերորդ տառն է, բայց քանի որ տասնավորների շարքում երկրորդ տառն է, նշանակել է քսան և քսաներորդ, բյուրի նշանով (ի )՝ քսան բյուր (200000): Արաբական թվանշանների ընդունումից հետո էլ գործածվել է քանակական և դասական թվականի արժեքներով: Այժմ գործածվում է միայն որպես դասական թվական:
Ա. Մաթևոսյան
