Jump to content

ՀՍՀ/ԻԲԵՐՆԵՐ ՑԵՂԵՐ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻԲԵՐՆԵՐ (լատ. Hiberes, Hiberi), հնագույն ցեղեր, բնակվել են Արևելյան և Հարավային Իսպանիայում: Մ. թ. ա. VII—III դդ. տարածվել են ամբողջ Պիրենեյան թերակղզում և Հվ-Արմ. Գալիայում: Հունա-հռոմեական հեղինակները Ի-ի բագմաթիվ ցեղերից առանձնացնում են տուրդետաններին, կելտիբերներին, լուզիտաններին, սատուրներին: Ի-ի մշակույթի կարևոր կենտրոնը թերակղզու հվ. մասն էր (այժմյան Անդալոլզիա և Մուրսիա), որտեղ, ըստ ավանդության, եղել է Տարտեսսոս հնագույն պետությունը: Իբերական ցեղերը միավորվում էին քաղաքատիպ ամրությունների շուրջը (Նումանսիա, Սեգովիա, Կոնտրեբիա ևն): Ցեղերի գլուխ կանգնած էին ռազմառաջնորդները, որոնք ընտրվում էին ժող. ժողովում: Կարևոր դեր է խաղացել ավագների խորհուրդը: Մ. թ. ա. V—III դդ. Ի-ին նվաճեց Կարթագենը, մ. թ. ա. III—II դդ.՝ Հռոմը (մ. թ. ա. 19 կամ 18-ին հռոմեացիները գրավեցին Իսպանիայի ամբողջ տարածքը): Մ. թ. ա. II-I դդ. Ի. աստիճանաբար ռոմանականացել են և խառնվել գաղութաբնակներին (բացի բասկերից): Ի-ի արվեստը ձևավորվել է մ. թ. ա. VIII դ. և ծաղկման հասել մ. թ. ա. V IV դդ.: Ճարտ. հուշարձաններից պահպանվել են բլուրների վրա կառուցված քաղաքների (պարիսպներով և աշտարակներով), սրբարանների, դամբարանների մնացորդներ: Քանդակագործության նմուշներից են (գլխավորապես մ. թ. ա. V—IV դդ.) մարդկային և կենդանակերպ ֆիգուրները (հիմնականում կրաքարից), բրոնզե արձանիկները: Ի. զբաղվել են մետաղի գեղարվեստական մշակմամբ, զարդապատել խեցեղենը: