Jump to content

ՀՍՀ/ԻԲՆ ՌՈՒՇԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻԲՆ ՌՈՒՇԴ, Իբն Ռոշդ, Աբուլ-Վալիդ Մուհամմադ իբն Ահմադ իբն Մուհամմադ, լատինացված՝ Ավեռոես Կորդուբացի (Averroes Cordubenis, 1126—1198), արաբ փիլիսոփա, բժիշկ, արլ. պերիպատետիզմի ներկայացուցիչ, ավեռոիզմի հիմնադիր: Եղել է պալատական բժիշկ ու խորհրդական, Սևիլիայի և Կորդովայի կադի (դատավոր): Ուղղափառ մահմեդականները համարել են հերետիկոս, հալածել, իսկ ուսմունքը՝ դատապարտել: Աշխատությունների մեծագույն մասը Արիստոտելի երկերի մեկնություններն են: Հեղինակ է հանրագիտական բնույթի բժշկական աշխատություն, որը բովանդակում է իր ու ուրիշ բժիշկների կլինիկական դիտարկումները: Ի. Ռ. հոչակել է բանականության գերազանցությունը հավատի նկատմամբ, առաջադրել է երկակի ճշմարտության գաղափարը: Ըստ ի. Ռ-ի նյութական աշխարհը և շարժումը հավերժ են և արարչագործության ու աստծու միջամտության արդյունք չեն: Աշխարհն ու աստված «հավերժակից են»: Աստված իրականության է վերածում նախանյութի պոտենցիալ ձևերը: Ի. Ռ. ձևակերպել է «համընդհանուր բանականության» ուսմունքը, բանականությունը որպես հավերժական սուբստանց հատուկ է ողջ մարդկային սեռին: Անմահ են այդ բանականությունը և մարդկային սեռը որպես այդպիսին, բայց ոչ անհատի հոգին, որը անբաժան է մարմնից և մահկանացու է: Միջնադարի կրոնական պատկերացումներին հակադրվող այդ ուսմունքի դեմ պայքարել են Թովմա Աքվինացին և նրա հետևորդները: Ի. Ռ-ի իմացաբանությունը մատերիալիստական է և բխում է Արիստոտելի ուսմունքից: Նա կարևորություն է տալիս ճանաչողության զգայական աստիճանին, որից կախված է բանական ճանաչողության ճշմարտությունր: Ընդհանուր գաղափարների բնույթի հարցր Ի. Ռ. լուծել է չափավոր նոմինալիզմի դիրքերից: XIII դ. 30—40-ական թթ. Ի. Ռ-ի երկերի լատ. թարգմանությունները տարածվել են Եվրոպայում: Ավեռոյականությունը (ավեռոիզմ) նպաստել է գիտական մտքի վերելքին և աթեիստական գաղափարների ձևավորմանը: Այդ առումով նշանակալի է փարիզյան ավեռոիստների՝ հատկապես Սիգեր Բրաբանտցու դերը: Ի. Ռ-ի ուսմունքին հայ մտածողները ծանոթացել են XIV դ.: Նրա երկերը, հավանաբար լատ. թարգմանությունները, Տաթևի համալսարանում գտնվել են շրջանառության մեջ: Գրիգոր Տաթևացին տարբեր առիթներով երկաբանել է Ի. Ռ-ի հայացքները՝ համաձայնելով կամ քննադատելով: «Մեկնութիւն վեցօրէից» աշխատության մեջ Բարդուղիմեոս Բոլոնիացին աստծու կամքի բնույթի հարցում վիճում է Ի. Ռ-ի հետ և հակադրվում նրան: XVIII դ. Ղուկաս Խարբերդցին լատ-ից հայերեն թարգմանել է Ի. Ռ-ի մեկնությունները («Արիստոտէլի զմասանցն կենդանեաց», ենթադրվում է նաև «Արիստոտէլի Զհոգւոյ գիրք երեք: Ընդ մեկնութեանցն Աւերիոսի» ևն)

Երկ. Opera, Venetia, 1550—52. Избранные произведения мыслителей стран Ближнего и Среднего Востока 9-14 вв., М., 1961, с. 397-554 Антология мировой философии, т. 1, ч. 2, М., 1969, с. 751-764.

Գրկ. Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 2, Ե., 1976, էջ 837-41: Лей Г., Очерк истории средневекового материализма, пер. с нем ., М ., 1962, с. 143—206: Gauthier L., Ibn Rochd (Averroes), P., 1948.

U. Արևշատյան