ՀՍՀ/ԻԲՐԸԻԼԵԱՆՈՒ
ԻԲՐԸԻԼԵԱՆՈՒ (Ibraileanu) Կարապետ Թեոդորի (23.5.1871, Տըրգու-ֆրումոս—12.3.1936, Բուխարեստ), ռումինական գրող, գրականագետ, ազգությամբ՝ հայ: Ռումինիայի ակադեմիայի անդամ (ետ մահու, 1948), Յասիի համալսարանի պրոֆեսոր: «Շկոալա նոուր» («Նոր դպրոց») պարբերականի (1889) հիմնադիրը և «Հիացա ռոմընեասկը» («Ռումինական կյանք») հանդեսի գաղափարական ղեկավարը (1906—33, ընդմիջված 1914-1918-ին): Այս հանդեսի Էջերում Ի. տպագրել է նաև Հայկական հարցը արծարծող, երիտթուրքերի քաղաքականությունը մերկացնող, հայկ. Ճարտարապետության ինքնուրույնությունն ու Եվրոպայում նրա ազդեցությունը հավաստող հոդվածներ: Ուշագրավ են «Քննադատական ոգին ռումինական մշակույթում» (1909), «Գրողներ և հոսանքներ» (1909), «Վլահուցայի գրական ստեղծագործությունները» (1912) աշխատությունները (վերջինիս համար ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան): Ի. սատարել է ռումինական գրականության մեջ ռեալիզմի զարգացմանը («Նոթեր ու տպավորություններ», 1920, «Ռումինական և արտասահմանյան գրողներ», 1926, «Գրական ուսումնասիրություններ», 1930, «Մշակույթն ու գրականությունը», 1933 ևն): Փիլ. խորհրդածությունների արգասիք է նրա «Դիտելով կյանքը» (1930) գիրքը: Կյանքի վերջին տարիներին հրատարակել է «Ադելա» (1933) ինքնակենսագրական վեպը, որի համար արժանացել է ազգային Մեծ մրցանակի: Ի-ի ծննդյան 100-ամյակը նշել է ՅՈԻՆԵՍԿՕ-ն: Ս.Քոլանջյան
