ՀՍՀ/ԻԳՈՒԱՆՆԵՐ
ԻԳՈՒԱՆՆԵՐ (Iguanidae), մողեսների կարգի սողունների ընտանիք՝. Ի տարբերություն ագամաների, Ի-ի ատամներն ամրացած են ծնոտների ներքին մակերևույթին: Գլուխը պատած է մանր վահանիկներով, մարմինը՝ թեփուկներով: Աչքերը լավ են զարգացած, կոպերը շարժական են: Հայտնի է ավելի քան 50 սեռ, մոտ 700 տեսակ: Տարածված են Արևմտյան կիսագնդում: Արևելյանում հանդիպում են միայն Մադագասկար (3 տեսակ), Ֆիջի և Տոնգա (2 տեսակ) կղզիներում: Ապրում են անտառներում՝ ծառերի վրա, անապատներում, լեռներում, որոշ մասը կիսաջրային կյանք է վարում: Սնվում են միջատներով, մանր անողնաշարավորներով, կան նաև բուսակերներ (օրինակ՝ ծովային մողեսները): Ծառաբնակները մեծ մասամբ կանաչավուն են, գետնաբնակների գույնը հարմարվում է ապրելավայրին: Առանձին տեսակներ միջավայրի լույսի և ջերմաստիճանի փոփոխությունից գունափոխվում են: Ի. բազմանում են ձվերով, կան նաև ձվակենդանածին տեսակներ: Ամենախոշոր ներկայացուցիչը սովորական իգուան է (Iguana iguana), որի երկարությունը մոտ 2 մ է, ծառաբնակ է, բուսակեր, ձուն և միսը ուտում են:
