ՀՍՀ/ԻԴԵԱԼ
ԻԴԵԱԼ (հուն. գաղափար, կերպար, տեսիլ), պատկերացումների ամբողջություն, որը հանդես է գալիս որպես մարդու հասարակական, տեսական, գեղագիտական, բարոյական ըմբռնումների, գործունեության ու վարքագծի կատարելության տիպար: Ի-ները ձևավորվում են մարդու գիտակցության մեջ՝ նրա արտադրական-հասարակական գործունեության ընթացքում: Ուստի, Ի-ի հանդես գալը որպես կատարելության տիպարի, դրան համապատասխանող նպատակադրումներով, ըստ էության այդ նախահիմքի անդրադարձ արտացոլումն է: Նախամարքսյան, հատկապես գերմանական դասական փիլիսոփայությունը, ի. դիտում էր իբրև վերացական, իրականում անհասանելի կատարելություն և միայն գեղագիտական Ի-ներն էր օժտում որոշակի առարկայական («զգայական») կերպարանքով և համարում իրականալի՝ հանճարների արվեստի ստեղծագործություններում: Այնինչ, ըստ պատմական մատերիալիզմի, իսկական Ի. պետք է կոնկրետանա մարդու՝ որպես հասարակական էակի, գործունեության ընթացքում՝ դառնալով տեսականորեն որոշակի և գործնականորեն հասանելի: Այդպիսի զարգացում է ապրել կոմունիզմի՝ որպես կատարյալ հասարակության ի.: Հասարակական ի-ները կատարյալ հասարակության մասին պատկերացումներն են, որոնք ունեն ընդգծված պատմական և դասակարգային բնույթ: Բարոյական Ի., առաջին հերթին, կատարում է նորմատիվ ֆունկցիա, այսպես կոչված՝ բարոյական իմպերատիվների ձևով, որոնք պարտադրվում են գլխավորապես ավանդույթի, հեղինակության, դաստիարակության միջոցներով: Տեսական ճանաչողության ի. փիլիսոփայության և գիտության մեթոդաբանության մեջ գիտակցվում է որպես պատկերացում գիտելիքի տիպարային ձևի մասին: Այն գերազանցապես կապվում է գիտելիքների այս կամ այն մասնաճյուղի հետ (մեխանիկա, մաթեմատիկա ևն): Գեղագիտական Ի. որոշ իմաստով ընդհանրական բնույթ ունի (սրանից է սերում Ի-ի պրոբլեմատիկան առհասարակ): Քանի որ ամեն մի Ի. ունի զգացմունքային-հուզական հենք և կատարելության գաղափարն ինքը կապվում է գեղեցիկի ու վսեմի ապրումի հետ, ուստի, գեղագիտական ի. ներթափանցում է մարդու կյանքի բոլոր ոլորտները՝ հոգևոր կատարելության և վարքագծի գեղեցկության տիպարի ու չափանիշի ձևով: Գեղագիտական ի. իր խտացած արտահայտությունն է գտել արվեստում: Արվեստի ստեղծագործությունների գնահատման օբյեկտիվ չափանիշները պայմանավորված են այդ ի-ով: Ի-ում մարմնավորված են մարդու ազատ ստեղծագործության կարողությունը և նրա գործունեության նպատակադիր բնույթը: Համ. Գևորգյան
