ՀՍՀ/ԻԶՄԻՐ
ԻԶՄԻՐ (թուրք. Izmir, նախկինում՝ Զմյուռնիա), քաղաք Թուրքիայում, Իզմիր վիլայեթի վարչական կենտրոնը: Գտնվում է Եգեյան ծովի իզմիրի ծոցի ափին, 521 հզ. բն. (1970): Արտահանման գլխավոր, ներմուծման երկրորդ (Ստամբուլից հետո) նավահանգիստն է Թուրքիայում: Երկաթուղային և խճուղային ճանապարհների հանգույց է, միջազգային օդանավակայան: Գյուղատնտ. հարուստ շրջանի արդ. և առևտրական կենտրոն է (ծխախոտ, բամբակ, խաղող, ձիթապտուղ, հացահատիկ): Ունի տեքստիլ, ծխախոտի, ցեմենտի, փայտամշակման, մեքենաշինական (նավաշինություն են) արդյունաբերություն: Ի-ի շրջանում արդյունահանում են գորշ ածուխ, սնդիկ, ասբեստ: Ամեն տարի ի-ում կազմակերպվում են միջազգային տոնավաճառներ: Կա համալսարան, կոնսերվատորիա, հնագիտական թանգարան: Պահպանվել են անտիկ շրջանի տաճարի (մ. թ. ա. VII դ.), այսպես կոչված, Տանտալոսի դամբարանի, հելլենիստական թատրոնի ու ստադիոնի, ինչպես և պորտիկներով ու բազիլիկով հռոմ. շրջանի ագորայի ավերակներ: Ի-ի մոտակայքում կան հռոմ. շրջանի 3 ջրանցույցի մնացորդներ: ժամանակակից կառույցներից նշանավոր են միջազգային տոնավաճառի տաղավարները: Ի-ում հայերի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 1261-ին, երբ Միքայել Պալեոլոգ կայսեր ու ջենովացիների միջև կնքվել է առևտրական պայմանագիր, որտեղ միջնորդ հույն վաճառականների հետ հիշատակվում են նաև հայերի անուններ: Շահ Աբբաս I-ի բռնագաղթից հետո, 1605-ին 1000 հայ ընտանիք Երևանից, Նախիջևանից և Ղարաբաղից, իսկ XVIII դ. վերջին, Աղա Մահմեդ խանի արշավանքից հետո, մոտ 300 հայ ընտանիք Աշտարակից, Կարբիից, Օշականից գաղթել և հաստատվել են Ի-ում: 1621-ին բնակվում էր շուրջ 8 հգ. հայ, 1731-ին՝ 7 հգ., 1836-ին՝ 10 հզ., 1915-ին՝ 30 հզ.: 1919—22-ի հույն-թուրքական պատերազմից հետո կազմակերպված ջարդերի հետևանքով Ի-ում հայ էի մնացել: Զմյուռնահայերը բնակվում էին քաղաքի Հայոց, Գետեզերք, Քարափ թաղամասերում: Ունեին 4 եկեղեցի և 1802-ին հիմնված ազգային հիվանդանոց: Նրանք կարեվոր դեր էին կատարում Ի-ի տնտ. կյանքում: Հայ վաճառականները առևտրական տներ ունեին Եվրոպայի (Տրիեստ, Մանչեստր, Լոնդոն), Ռուսաստանի, Հնդկաստանի և Եգիպտոսի քաղաքներում, արտահանում էին գորգեր, կաշի, բուրդ, հացահատիկ, չոր մրգեր, ներմուծում՝ գործարանային ապրանք, նավթ, շաքար ևն: Արհեստավորները (ոսկերիչներ, չթագործներ, ժամագործներ, մետաքսագործներ) համախմբված էին Էսնաֆություններում: Ի-ի շրջակա գյուղերի հայ բնակիչները զբաղվում էին այգեգործությամբ և պտղաբուծությամբ: Ի. հայ մշակույթի կենտրոն էր: Դեռևս 1759-ին հիմնված Մահտեսի Մարկոսի տպարանում, ապա նաև Մեսրոպյան, Տետեյան, Մամուրյան ևն տպարաններում տպագրվել են հայերեն գրքեր ու պարբերականներ, որոնք նշանակալից դեր են կատարել հայ մշակութային, հասարակական-քաղաքական կյանքում: Առաջին թերթը Ի-ում («Արշալույս Արարատյան») հրատարակվել է 1840-ին: Մինչև 1922-ը լույս է տեսել 36 անուն թերթ ու ամսագիր: Ի-ի հայ վարժարաններից հայտնի էին 1799-ին հիմնված Մեսրոպյան վարժարանը (որի սաները կրթությունը շարունակում էին Փարիզում, Լոնդոնում, Պադուայում և այլուր), աղջիկների Հռիփսիմյան, ինչպես նաև Ադաբեկյան, Սարգսյան, Սավալանյան, Վանագետյան մասնավոր դպրոցները: Գործել են Սյունյաց (հիմնված 1841-ին), Արագածունյաց, ուսումնասեր, Վասպուրական, Հաշտենից (1860 ական թթ.) մշակութային ընկերությունները, 1909—22-ին՝ ՀԲԸՄ Ի-ի մասնաճյուղը: Զմյուռնահայերը ունեցել Են նաև թատրոն: Ի-ի հետ են կապված հայ հասարակական մշակութային գործիչներ Ս. Ոսկանյանի, Ա. Փափազյանի, Մ. Մամուրյանի, Գ. Չիլինկիրյանի, Գ. Կոստանդյանի, Գ. Մսերյանի, Մ. Նուպարյանի, Տ. Չուխաճյանի և ուրիշների անունները:
Գրկ. Քոսյան Հ., Հայք ի Զմյուռնիա և ի շրջակայս, Վնն., 1899: Ղազարյան Հ.Մ., Արևմտահայերի սոցիալ-տնտեսական և քաղաքական կացությունը 1800—1870 թթ., Ե., 1967: Հակոբյան Մ. Ն.,Մետեորա հանդեսը արևմտահայ-լուսավորական-դեմոկրատական շարժման մեջ, Ե., 1977: Հ. Ղազարյան
