Jump to content

ՀՍՀ/ԻԶՈԲԱՐ ՊՐՈՑԵՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻԶՈԲԱՐ ՊՐՈՑԵՍ, հաստատուն արտաքին ճնշման պայմաններում ընթացող թերմոդինամիկական պրոցես: Պարզագույն օրինակներ են բաց անոթում ջրի տաքացումը, գազի ընդարձակումը՝ ազատ շարժվող մխոցով գլանում (երկու դեպքում էլ ճնշումը մթնոլորտային է): Գործնականում ի. պ. կարելի է համարել նաև գոլորշու առաջացումը շոգեկաթսաներում, վառելանյութի այրումը գազատուրբինների այրման խցիկներում ևն: Իդեալական գազի ծավալը ի. պ-ի դեպքում համեմատական է ջերմաստիճանին (տես Գեյ-Լյուսակի օրենքներ): Ի. պ-ում հաղորդված ջերմության հաշվին համակարգը ոչ միայն տաքանում է (մեծանում է գազի ներքին Էներգիան), այլև աշխատանք է կատարում, ուստի, համակարգի ջերմունակությունն ավելի մեծ է, քան իզոխոր պրոցեսի դեպքում: