ՀՍՀ/ԻԶՈԳԾԵՐ
ԻԶՈԳԾԵՐ (իզո…), գծեր, որոնք աշխարհագրական, երկրաբանական քարտեզների, կտրվածքների և գրաֆիկների վրա իրար են միացնում որևէ մեծության համարժեք կետերը: Արտահայտում են հետազոտվող մեծության անընդհատ փոփոխությունը՝ կախված երկու այլ փոփոխական մեծություններից (աշխարհագրական լայնությունից և երկարությունից քարտեզի վրա): Քարտեզներում օգտագործվում են անընդհատ կամ տարածության մեջ աստիճանաբար փոփոխվող մեծությունների (օդի ջերմաստիճանի) արժեքների որոշման համար: Ի-ի օգնությամբ ցույց են տրվում երևույթների քանակական բնութագրումների փոփոխությունը ժամանակի ընթացքում (Երկրի մագնիսականության բաղադրիչների դարավոր փոփոխությունները), շարժման արագությունը (քամու արագությունը), տևողությունը (ձնածածկ օրերի թիվը), կրկնությունը կամ հավանականությունը (ամպրոպների կրկնությունը): Եթե անկախ փոփոխականներից նույնիսկ մեկը ոչ թե աշխարհագրական կոորդինատ է, այլ որևէ ուրիշ մեծություն, Ի. կոչվում են իզոպլետներ:
