ՀՍՀ/ԻԶՈՄԵՐԱՑՈՒՄ
ԻԶՈՄԵՐԱՑՈՒՄ, ներմոլեկուլային ռեակցիա, որի ընթացքում փոխվում է մոլեկուլի կառուցվածքը, անփոփոխ է մնում բաղադրությունը: Ի. դարձելի ռեակցիա է, հավասարակշռությունը կախված է ջերմաստիճանից, ճնշումից, լուծիչից ևն: Եթե իզոմեր ձևերից մեկը անկայուն է, ապա այն գործնականում չի ստացվում: Իսկ եթե Ի. դարձելի չէ, ապա տեղի են ունենում ներմոլեկուլային վերախմբավորումներ: Ի. ներմոլեկուլային վերախմբավորման մասնավոր դեպք է: Տարածված քիմ. ռեակցիաներից է: Բնորոշ է օրգ. միացությունների, հատկապես էթիլենային և ացետիլենային ածխաջրածինների համար: Ի-ով բարելավվում է բենզինի բարձր օկտանային թիվը, ոչ արոմատիկ հումքից ստացվում են քիմ. արդյունաբերության համար կարևոր արոմատիկ ածխաջրածիններ (բենզոլ, տոլուոլ ևն), էթիլեն օքսիդիտ՝ քացախալդեհիդ, ցիկլոհեքսանոնօքսիմից՝ կապրոլակտամ ևն: Ի. կարևոր դեր է կատարում կենսաքիմիական պրոցեսներում:
Գ. Շահնազարյան
