ՀՍՀ/ԻԶՈՄՈՐՖՈՒԹՅՈՒՆ ՖԻԶԻԿԱ
ԻԶՈՄՈՐՖՈՒԹՅՈՒՆ (իզո… և հուն, տեսք, ձև), ատոմների միմյանց տեղակալելու հատկությունը բյուրեղներում և միներալներում: Ի. առաջինը բացահայտել է Է.Միտչերլիխը (1819), իսկ հետագայում զարգացրել են Ա. Ե. Արծրունին, Վ. Մ. Գոլդշմիդը, Վ. Ի. Վեռնադսկին, Ա. Ե. Ֆերսմանը և այլք: Ի. բնորոշվում է ատոմների հատկությունների (չափերի, կառուցվածքի, իոնացման պոտենցիալների) մերձությամբ, առաջացող քիմ. միացության բնույթով և կառուցվածքով, թերմոդինամիկ պայմաններով (ջերմություն, ճնշում): Ըստ ձևի ի. լինում է կատարյալ և անկատար: Տարբերում են նաև Ի-յան մի քանի տիպեր՝ իզովալենտ, հետերովալենտ, բևեռային, շղթայական ևն: Իզոմորֆ տեղակալման օրենքներով է բացատրվում ապարներում և հանքանյութերում խառնուրդների ձևով գտնվող հազվագյուտ տարրերի բաշխումը: Ի-յան մասին ուսմունքը խիստ կարևոր է ապարներում տարրերի հայտնաբերման ձևերի և երկրակեղևում քիմ. տարրերի կոնցենտրացման ու ցրման պրոցեսների հետազոտման համար:
