Jump to content

ՀՍՀ/ԻԶՈՍՏԱՏԻԿ ՀԻՊՈԹԵԶ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻԶՈՍՏԱՏԻԿ ՀԻՊՈԹԵԶ, հիմնված է XIX դարի վերջերին սահմանված իզոստազիայի երևույթի վրա: Առաջինը իզոստազիան տեկտոնական գործոն է համարել Ք. Դեթոնը՝ 1892-ին: Ըստ նրա, երկրակեղևի բարձրադիր տեղամասերից քայքայված նյութի հեռացումը, թեթևացնելով մայր ցամաքները, խախտում է իզոստատիկ վիճակը, նպաստում տվյալ տեղամասի բարձրացմանը: Այդ նույն ժամանակ հարևան ցածրադիր տեղամասը, որտեղ կուտակվում է բերված քայքայված նյութը, կրելով լրացուցիչ ծանրաբեռնվածություն, իջնում է: Ներկայումս կան իզոստազիայի բացատրման երկու հիմնական հիպոթեզ: Էյրի-Հեյսկանենի հիպոթեզով երկրակեղևի խոշոր բեկորներն ունեն համարյա միատեսակ միջին խտություն և, կարծես, լողում են ավելի ծանր ենթակեղևային կիսահեղուկ զանգվածի վրա: Այդ բեկորների ընկղման տարբեր խորությունները պայմանավորված են նրանց ուղղահայաց չափերով: Պրաթտեյֆորդի հիպոթեզի համաձայն այդ բեկորների նյութի միջին խտությունը տարբեր է, որի պատճառով էլ տարբեր է բեկորների դուրս ցցման բարձրությունը կիսահեղուկ զանգվածից: Արդի պատկերացումներով, թվարկված երկու հիպոթեզներից և ոչ մեկը սպառիչ չէ: Երկրակեղևի առավել կայուն հավասարակշռության վիճակի ստեղծման համար նշված բոլոր գործոնները կարևոր են: Իզոստատիկ վիճակը ոչ միշտ և ոչ ամենուր է լրիվ: