ՀՍՀ/ԻԺԵՐ
ԻԺԵՐ (Viperidae), թունավոր օձերի ընտանիք: Բնորոշ է շատ կարճ, վերծնոտային շարժուն ոսկորը, որն իր վրա կրում է 1—2 խոշոր, խողովակաձև թունավոր ատամներ: Մարմինը մեծ մասամբ հաստ է, պոչը՝ կարճ: Գլուխը պատած է մանր թեփուկներով կամ վահանիկներով: Բիբը ուղղահայաց է: Շնչառության հիմնական օրգանը տրաքեային թոքն է: Հայտնի է 10 սեռ, մոտ 60 տեսակ, տարածված` Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում (բացի Մադագասկարից): Ակտիվ են ողնաշարավորներով, միջատներով: ՀՍՍՀ-ում հանդիպում է Ի-ի 4 տեսակ գյուրզա, փոքրասիական իժ, տափաստանային իժ և Ռադեի իժ: Փոքրասիական իժի (V. xanthina) մարմնի երկարությամբ (մինչև 1,1 մ) անցնում է ցայտուն արտահայտված, կարմրավուն կամ դարչնագույն զիգզագաձև լայն շերտ: Ձվակենդանածին է, շատ թունավոր: Տափաստանային իժի (V. renardi) երկարությունը 35-45 սմ է, հանդիպում է ալպյան և մերձալպյան շրջաններում: Կենդանածին է, թունավոր, բայց մարդկանց համար պակաս վտանգավոր: Ի-ի թույնը ազդում է արյան վրա, քայքայում կարմիր մարմնիկները, որոշ տեսակներինը պարալիզում է նյարդային համակարգը: Թույնն ունի նաև բուժիչ հատկություն, որի համար ՍՍՀՄ-ում Ի. Պաշտպանության տակ են առնված:
