ՀՍՀ/ԻԿԱՐՈՍ ԵՎ ԴԵԴԱԼՈՍ
ԻԿԱՐՈՍ ԵՎ ԴԵԴԱԼՈՍ, հին հունական ավանդազրույց: Աթենացի ավանդական ճարտարապետ Դեդալոսը, իբր, նախանձից սպանելով իր աշակերտին, փախել է Կրետե, որտեղ Մինոս թագավորի հրամանով Մինոտավրոս հրեշի համար կառուցել է Լաբիրինթոս: Բայց երբ Մինոսի դուստր Արիադնային սովորեցրել է հրեշին սպանած Թեսևսին Լաբիրինթոսից ազատելու հնարը, Իկարոս որդու հետ բանտարկվել է Լաբիրինթոսում: Այնտեղից փախել են Դեդալոսի պատրաստած արհեստական թևերով: Պատանի Իկարոսը շատ է մոտեցել արևին, հալվել են թևերի փետուրներն ամրացնող մոմերը, և նա ընկել է Եգեյան ծով: Հայրը որդուն թաղել է մերձակա կղզում, որն այնուհետև կոչվել է Իկարիա: Կրետեի հին արձանագրություններում Դեդալոսը հիշվում է որպես արհեստները հովանավորող աստվածություն: Հետագայում երբեմն նույնացվել է Հեփեստոսին: Հնագույն շատ կոթողներ վերագրվել են Դեդալոսին: Իսկ աթենացի արվեստագետ Դեդալյանների տոհմը նրան համարել է իր նախնին:
