Jump to content

ՀՍՀ/ԻԿՈՆԻԱՅԻ ՍՈՒԼԹԱՆՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻԿՈՆԻԱՅԻ ՍՈՒԼԹԱՆՈՒԹՅՈՒՆ, Ռումի սուլթանություն, Փոքր Ասիայի սելջուկյան պետություն, սելջուկների ֆեոդալական պետություն Փոքր Ասիայում 1077—1307-ին: Հիմնել է Գթլմուշ բեգի որդի Սուլայմանը: Սկզբում մայրաքաղաքը Նիկիան էր, ապա՝ Իկոնիան (Կոնիա): 1157-ին Ի. ս. իրեն ենթարկեց Դանիշմանյանների ամիրայության տարածքը, 1207-ին գրավեց Անտալյան, 1214-ին՝ Սինոպը: Ռազմաքաղաքական հզորության գագաթնակետին հասավ Ալա-ադ-Դին Քեյ-Քուբադի ժամանակ (1219—36): 1243-ին Ի. ս-յան ուժերը Քյոսեդաղի մոտ պարտվեցին մոնղոլներից, և Ի. ս. դարձավ նրանց վասալը: 1299-ին Ի. ս. ծանր հարված ստացավ Օսման բեգի գլխավորած թուրք, ցեղախմբից, իսկ 1307-ին վերացավ պատմության ասպարեզից: Օսմանի հիմնած բեգությունը դարձավ օսմանյան պետության կորիզը (տես Թուրքիա): XII դարում Ի. ս-յան զորքերը մի քանի անգամ ներխուժեցին Կիլիկիայի հայկ. պետության տարածքը, բայց հաջողություն չունեցան: Սուլթան Ռուք-ադ-Դինը (1196—1204) Կարինը գրավելուց հետո արշավեց Վրաստան, սակայն Բասենի դաշտում պարտվեց հայ-վրացական զորքերից: 1214-19-ին սուլթան Քեյքաուզը փորձեց գրավել Կիլիկիայի հայկ. պետության սահմանամերձ Լուլուա և Կապան բերդերը, սակայն 1219-ին պարտվեց Լևոն Բ-ի g:

Գրկ. Гордлевский В. Д., Государство Сельджукидов Малой Азии, М. —Л., 1941.

Ս. Բոռնազյան