ՀՍՀ/ԻՄԱՄՈՒԹՅՈՒՆ
ԻՄԱՄՈՒԹՅՈՒՆ (արաբ, իմամ—առաջնորդ բառից), 1. մահմեդական աստվածապետական պետությունների ղեկավարների՝ արաբական օմայան (632-750), աբբասյան (750-1517) և ֆաթիմյան (909-1171) խալիֆների, օսմանյան սուլթանների (1517—1922) և զեյդական միապետների (Հս. Իրանում՝ IX—XII դդ., Եմենում՝ 901—1962) հոգևոր գերագույն պետի պաշտոնը: 2. Մահմեդական կրոնի շիա ուղղության գերագույն առաջնորդի պաշտոնը, որը 661-878-ին Ալի խալիֆից ժառանգաբար փոխանցվել է նրա տոհմի ավագ ներկայացուցիչներին: Իսմաիլական-կարմաթական աղանդի համար 7, իսկ իմամական աղանդի համար 12 իմամներից հետո Ի. դառնում է «թաքուն» և վերածվում մահդիականության (մեսիականության): 3. Իսլամի սուննի ուղղության կրոնա-իրավական 4 հոսանքների հիմնադիրների: Աբու Հանիֆայի (699—767), Իբն-Անասի (715-795), Շաֆիի (767-820) և իբն-Հանբալի (780—855) պատվավոր տիտղոսը: 4. Ցարական քաղաքականության դեմ Հս. Կովկասի լեռնականների պայքարի ժամանակաշրջանում (տես Կովկասյան պատերազմ 1817—64) 1820-ական թթ. վերջից մյուրիդականության ստեղծած պետությունը:
Ե. Նաջարյան
