Jump to content

ՀՍՀ/ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, սեմանտիկա (հուն. նշանակվող), 1. ուսմունք նշանների և նշանային արտահայտությունների նշանակության մասին: Որպես մասնավոր գիտական տեսություն Ի. հանդես է գալիս նշանային համակարգեր (Լեզուներ) հետազոտող տարբեր առարկաների կազմում: Լայն առումով՝ Ի. սեմիոտիկայի հիմնական բաժիններից է. Այստեղ վերացականորեն դիտարկվում են նշանների՝ որպես առարկայական նշանակությունը կրողների, գործելու ընդհանուր պայմաններն ու օրինաչափությունները: Տրամաբանական ի. հետազոտում է արդի ձևական տրամաբանության այն պրոբլեմատիկան, որն առաջանում է կապված այդտեղ կիրառվող ձևական նշանային համակարգերի մեկնաբանման հետ: Հիմնական խնդիրները վերաբերում են նշանի (անվան), նշանակվող առարկայի և նշանի միջոցով արտահայտվող հասկացության բովանդակության փոխհարաբերություններին: Տարբերվում են նշանակություն և իմաստ: Կարևոր է նշանակման և ճշմարտացիության ձևական կանոնների հաստատումը: 30-50-ական թթ. արտասահմանում, հատկապես ԱՄՆ ում, տարածվեց այսպես կոչված՝ «ընդհանուր Ի.» (Ա. Կոժիբսկի և ուրիշներ), փիլ. ըմբռնում, որը սուբյեկտիվ իդեալիստական դիրքերից մեկնաբանում էր անհատի ու սոցիալական խմբերի մտածողության ու վարքի վրա լեզվի ներգործության հարցը: 2. Լեզվաբանության բաժին, զբաղվում է Լեզվական տարբեր միավորների (ձևույթների, բառերի, քերականական ձևերի ևն) իմաստների ուսումնասիրությամբ: Այս իմաստով օգտագործվում է նաև «սեմասիոլոգիա» (հուն. նշանակություն և …չոգիա) տերմինը: Ի. իբրև լեզվաբանության առանձին բնագավառ հանդես է եկել XIX դ. և երկար ժամանակ սահմանափակվել է բառերի իմաստների ոլորտով: Այժմ էլ Ի. ամենից ավելի ուսումնասիրում է բառիմաստները, դրանց զարգացումն ու փոփոխությունները, կատարում բառերի դասակարգում ըստ իմաստի, ինչպես և իմաստի ու ձևի Փոխհարաբերության՝ տարբերելով հոմանիշ (այդ թվում նույնանիշ և համանիշ), հականիշ, բազմիմաստ, համանուն բառերը: Ձևաբանության և շարահյուսության մեջ նույնպես կատարվում է հոմանիշ, համանուն, բազմիմաստ քերականական ձևերի և շարահյուսական միավորների տարբերակում: Զանազանում են համաժամանակյա Ի., որն ուսումնասիրում է մի լեզվի զարգացման սահմանափակ ժամանակահատվածի (սովորաբար՝ ժամանակակից) միավորների իմաստները, և տարժամանակյա (պատմական) Ի., որն ուսումնասիրում է մի Լեզվի միավորների իմաստային զարգացումը, փոփոխությունները պատմական ավելի մեծ ժամանակաշրջանում: Տես Իմաստափոխություն:

Լ. Աբրահամյան, Ռ. Իշխանյան