ՀՍՀ/ԻՄԵՐԵԹԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԻՄԵՐԵԹԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ (հայ մատենագրության մեջ՝ Բաշիաչուխ), ուշ միջնադարի վրացական ֆեոդալական քաղաքական միավորում: Առաջացել է XV դ. վերջին: Մայրաքաղաքն էր Քոլթայիսին: Հիմնական բնակիչները իմերեիներն էին: Ի. թ. ֆեոդալական միապետություն էր: Սկզբնական շրջանում ընդգրկում էր Արևմտյան Վրաստանի ամբողջ տերիտորիան, հետագայում սահմանափակվեց նրա արլ. հատվածով: XVI դ. սկզբից Ի. թ. վասալական կախման մեջ ընկավ օսմանյան Թուրքիայից: Երկիրը տնտ. և քաղ. ծանր վիճակի հասցրին միջֆեոդալական երկպառակությունները: Տարածվեց գերեվաճառությունը: Անկում ապրեց մշակույթը: Ալեքսանդր III թագավորը (1639—60) թուրք, կախումից ազատվելու համար օգնություն խնդրեց Ռուսաստանից և հավատարմության ուխտ կնքեց ռուս, ցարի հետ (1651), սակայն որևէ իրական արդյունքի չհասավ: Ի. թ. վերելք ապրեց Սողոմոն 1-ի (1752—84) օրոք, որն ամրապնդեց թագավորական իշխանությունը, Խրեսիլի ճակատամարտում (1757) հաղթեց թուրքերին, հակաթուրքական ռազմ, դաշինք կնքեց (1758) Քարթլի-Կախեթի թագավոր Հերակլ 11-ի հետ: 1774-ի Քյուչուկ-Կայնարջիի ռուս-թուրքական հաշտության պայմանագրով վավերացվեցին այդ հաջողությունները: Սողոմոն I 1784-ին ձեռնամուխ եղավ նաև Գուրիայի ազատագրմանը, սակայն պարտություն կրեց: 1804-ին Սողոմոն II ընդունեց Ռուսաստանի հովանավորությունը և դարձավ ինքնավար կառավարիչ, սակայն 1811-ին Ի. թ. վերածվեց Ռուսական կայսրության Իմերեթիայի մարզի, իսկ հետագայում կազմեց Քութայիսիի նահանգի մի մասը:
Գրկ. Вахушти Багратион и, История царства Грузинского, Тб., 1976.
Կ. Չխատարայշվիլի, Ս. Երեմյան
