Jump to content

ՀՍՀ/ԻՄՈՒՆԻՏԵՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՄՈՒՆԻՏԵՏ (լատ. immunitas—ազատվել, փրկվել ինչ-որ բանից), օրգանիզմի անընկալությունը վարակիչ գործոնների և հակածինային բնույթի օտար նյութերի հանդեպ: Լինում է բնածին և ձեռքբերովի: Բնածին Ի. (ոչ սպեցիֆիկ, կոնստիտուցիոնալ, տեսակային) պայմանավորված է օրգանիզմի բնածին կենսաբանական առանձնահատկություններով (օրինակ, մարդու Ի. շան և եղջերավոր անասունների ժանտախտի կամ կենդանիների Ի. գոնոռեայի և բորի հանդեպ): Բնածին ի. պայմանավորված է նաև անհատական առանձնահատկություններով (նույն տեսակի տարբեր անհատներ կարող են ունենալ ոչ միատեսակ կայունություն այս կամ այն հիվանդության նկատմամբ): Ձեռքբերովի Ի. (սպեցիֆիկ) օրգանիզմի կյանքի ընթացքում առաջացած անընկալությունն է վարակիչ հիվանդությունների հանդեպ: Գոյություն ունի բնական և արհեստական ի., որոնք, իրենց հերթին, բաժանվում են ակտիվ (օրգանիզմն ինքն է մշակում հակամարմիններ՝ կրած հիվանդությունից հետո կամ ակտիվ իմունացման ճանապարհով) և պասսիվ՝ պատրաստի հակամարմինների արհեստական ներմուծման շնորհիվ (օրինակ, հակադիֆթերիային շիճուկի ներարկումը, ընկերքի միջոցով հակամարմինների անցումը մորից պտուղ կամ մոր կաթով՝ երեխայի օրգանիզմ): Ակտիվ Ի. ավելի կայուն է, երկարատև, որոշ հիվանդությունների դեպքում (բնական ծաղիկ) պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում, երբեմն (կարմրուկ, քութեշ)՝ երկար տարիներ, սակայն ժառանգաբար չի փոխանցվում: Պասսիվի. առաջանում է հակամարմինների ներարկումից մի քանի ժամ անց և պահպանվում է 2-3 շաբաթից մինչև մի քանի ամիս: Տարբերում են ի-ի հետևյալ ձևերը՝ հակաբակտերիային (հիվանդությունների հարուցիչների դեմ), հակաթունային (մանրէների արտադրած թույների դեմ), ստերիլ (օրգանիզմից մանրէների հեռացումից հետո), ոչ ստերիլ (զարգանում է վարակիչ հիվանդության հենց սկզբից, օրինակ, տուբերկուլոզի դեպքում): Ձեռքբերովի Ի-ի բոլոր ձևերը հարաբերական են. վարակիչ հիվանդությունների մասսայական բռնկումների ժամանակ դրա տևողությունը հնարավոր է երկարացնել: Առանձին հյուսվածքների և օրգանների իմունոլոգիական ռեակտիվության ուսումնասիրությունները հիմք դարձան տեղային ի-ի հասկացության հիմնավորման համար: Գոյություն ունի նաև ոչ վարակիչ ի., որի շարքին է դասվում հյուսվածքների պատվաստումից առաջացած Ի.: