ՀՍՀ/ԻՄՊԵԴԱՆՍ
ԻՄՊԵԴԱՆՍ (անգլ. impedance, լատ. impedio—խոչընդոտել), 1.էլեկտրական ի., սինուսոիդային լարումների և հոսանքների դեպքում էլեկտրական ցանկացած բարդ գծային շղթայի լրիվ դիմադրության (տես Դիմադրություն էլեկտրական շղթայի), ներկայումս քիչ օգտագործվող անվանումը: 2.Ձայնական Ի., տարբեր միջավայրերում և ձայնագիտական համակարգերում ձայնային դաշտը բնորոշող կոմպլեքս դիմադրություն՝ ձայնային ճնշման և մասնիկների տատանողական արագության կոմպլեքս ամպլիտուդների հարաբերությունը: Կոմպլեքս Ի-ի իրական մասը բնորոշում է ձայնային դաշտի էներգիայի կորուստները շփման և ճառագայթման հետևանքով, իսկ կեղծ բաղադրիչը՝ իներցիայի և առաձգական ուժերի հակազդեցությունը: Մասնիկների շեղման կետային (կամ միավոր մակերեսին վերաբերող) արագության դեպքում Ի. կոչվում է տեսակարար ձայնական Ի.: Եթե ձայնը տարածվում է չկլանող համասեռ անսահման միջավայրում (բացակայում են բեկումն ու անդրադարձումը), ապա ճնշման և արագության միջև փուլերի շեղում չկա, այսինքն՝ տեսակարար Ի. վերածվում է իրական թվի և կոչվում է միջավայրի ալիքային դիմադրություն: Այն արտահայտվում է միջավայրի խտության և ձայնային ալիքի փուլային արագության արտադրյալով և համանման է էլեկտրատեխնիկայում կիրառվող ալիքային դիմադրություն հասկացությանը: Միավորների միջազգային համակարգում ձայնական ի. չափվում է նվրկ մ 5 միավորով, իսկ CGS համակարգում՝ դին X վրկ 1 սմ 5-ով (ձայնագիտական օհմ): Ի-ի հասկացությունը կարևոր է ձայնի տարածման միջավայրի հետ ձայնագիտական համակարգի (ձայնաճառագայթիչ, փող, խողովակ ևն) համաձայնեցման խնդիրներում:
Ռ Ղազարյան
