Jump to content

ՀՍՀ/ԻՆԴՈՒԿՑԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՆԴՈՒԿՑԻԱ (լատ. inductio—մակածում), տրամաբանության մեջ՝ հետազոտության և կշռադատության եղանակ, որով առանձին փաստերի իմացությունից՝ մասնավոր գիտելիքներից կատարվում է անցում ընդհանուր գիտելիքի: Չևական-տրամաբանական կառուցվածքի տեսակետից Ի. այնպիսի մտահանգում է, որի մեջ դասի առանձին անդամների նկատմամբ նախադրյալներում հաստատված հատկանիշը եզրակացության մեջ հաստատվում է որպես դասի հատկանիշ: Տարատեսակներն են լրիվ կամ կատարյալ Ի., որի նախադրյալները սպառում են ամբողջ դասը, և ոչ լրիվ Ի., որի նախադրյալներում հատկանիշը հաստատվում է դասի անդամների որոշ մասի նկատմամբ, իսկ եզրակացության մեջ՝ փոխադրվում դասի վրա: Ոչ լրիվ Ի-ի տարատեսակներն են՝ պարզ թվարկման Ի. և գիտական Ի. (ընտրության և բեկոն-միլյան): Ոչ լրիվ Ի-ի եզրակացության ճշմարիտ լինելու հավանականությունը կախված է այն բանից, թե ինչ հիմունքով է կատարվում անցումն ընդհանուրին: Դասական էմպիրիստական փիլիսոփայության և տրամաբանության մեջ Ի. գնահատվել է որպես փորձնական տվյալներն ընդհանրացնելու, օրենքներ ձևակերպելու միջոց, ինդուկտիվ մտահանգումներն ու մեթոդները դիտվել են որպես հայտնագործության ալգորիթմներ: Սակայն այդ մեթոդներով հնարավոր է ձևակերպել միայն փորձնական առնչություններ, բայց ոչ տեսական լայն ընդհանրացումներ: Ժամանակակից ինդուկտիվ տրամաբանությունն ուշադրությունը փոխադրել է ընդհանուր դրույթների (հիպոթեզների) հիմնավորման խնդրի վրա. ուսումնասիրվում է հիպոթեզի հավանականության կախումը դրա հետ առնչվող դրույթների և, հատկապես, փորձով ստուգելի մասնավոր պնդումների հավանականությունից: Հիշյալ խնդրին հաջողությամբ կարող է ծառայել մաթեմատիկական հավանականությունների տեսության ձևական աքսիոմատիկայի տրամաբանական մեկնաբանությունը: Այս իմաստով ժամանակակից ինդուկտիվ տրամաբանությունը ներկայանում է որպես հավանականային տրամաբանություն:

Գրկ. Գևորգյան Հ. Ա., Ինդուկտիվ մտահանգումներ, Ե., 1967: Милль Д. С, Система логики силлогистической и индуктивной, пер. с англ.,М., 1914 Лакатос И., Доказательства и опровержения, пер. с англ., М., 1967 Пойа Д., Математика и правдоподобные рассуждения, пер. с англ., 2 изд., испр., М.,1975.

Հ. Գևորգյան