ՀՍՀ/ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, երկրաբանական գիտություն զանազան ինժեներական կառույցների շինարարության և տարածքի տնտեսական օգտագործման երկրաբանական պայմանների մասին: Ի. ե. սկզբնավորվել է XIX դ.: ՍՍՀՄ-ում որպես ինքնուրույն երկրբ. գիտություն ձևավորվել է 1930-ական թթ. վերջերին: Ի. ե-յան զարգացման գործում մեծ ավանդ են ներդրել Ֆ. Պ. Սավարենսկին, Ի. Վ. Պոպովը, Ն. Ն. Մասլովը և այլք. ՀՍՍՀ-ում՝ Հ. Տ. Կարապետյանը, Ս. Պ. Դեմյոխինը: Հանրապետությունում առաջին ինժեներաերկրաբանական աշխատանքները կապված էին Շիրակի ջրանցքի, Երևանի, Քանաքեռի, Գյումուշի ՀԷԿ-երը, Ս. Մ. Կիրովի անվ. քիմկոմբինատի շինարարության հետ: Ի. ե. ընդգրկում է գրունտագիտությունը, ինժեներական երկրադինամիկան, որը հետազոտում է ինչպես բնական, այնպես էլ մարդու ինժեներա-շինարարական գործունեությամբ ստեղծվող երկրաբանական պրոցեսները, նպատակ ունենալով գնահատել նրանց հնարավոր ազդեցությունը տվյալ տեղանքի կայունության, շինարարության պայմանների, կառույցների կայունության ու շահագործման նկատմամբ, և ռեգիոնալ ինժեներական երկրաբանությունը, որը հատուկ հետազոտությունների և առկա նյութերի ընդհանրացման հիման վրա ուսումնասիրում է ՍՍՀՄ տարբեր ռեգիոնների, մարգերի և շրջանների ինժեներաերկրաբանական պայմանները: Ծովային Ի. ե. Դիտարկում է շինարարության հնարավորությունները սուբակվալ միջավայրի պայմաններում: Ձևավորվում է Ի. Ե-յան մի նոր ուղղություն, որը քննարկում է սեյսմիկ երևույթները ինժեներա-երկրաբանական տեսանկյունից (ինժեներային սեյսմաերկրաբանություն): Ի. ե. սերտորեն կապված է հիդրոերկրաբանության, սառցագիտության, նավթի երկրաբանության հետ: Դաշտային հետազոտությունների ժամանակ Ի. ե. Օգտագործում է երկրաֆիզիկական (էլեկտրահետախուզություն, կարուտաժ), ֆիզիկական և քիմ. մեթոդներ: Ի. Ե-յան գծով ուսումնասիրություններ են տարվում ՀՍՍՀ ԳԱ համակարգում, Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետում, մի շարք նախագծային ինստ-ներում: 1968-ին Պրազայում կայացած Միջազգային երկրաբանական կոնգրեսի 23-րդ նստաշրջանը հիմնեց Ինժեներ երկրաբանների միջազգային ասոցիացիա:
Գրկ. По ո ов И. В., Инженерная геология, 2 изд., М., 1959 Коломенский Н. В. Комаров И.С, Инженерная геология, М., 1964 Проблемы инженерной геологии, М., 1970.
