ՀՍՀ/ԻՆՀԻԲԻՏՈՐՆԵՐ
ԻՆՀԻԲԻՏՈՐՆԵՐ (լատ. inhibeo—կանգնեցնում եմ, զսպում եմ) քիմիական, արգելակիչներ, բնական կամ սինթետիկ նյութեր, որոնք արգելակում են կամ դադարեցնում որևէ քիմիական կամ կենսաբանական պրոցես: Կիրառվում են անցանկալի երևույթները կանխելու կամ դադարեցնելու համար, օրինակ, կոռոզիայից մետաղների քայքայումը, վառելանյութերի, քսայուղերի, սննդանյութերի օքսիդացումը, պոլիմերացումը, պոլիմերների ծերացումը ևն: Արգելակման արդյունավետությունը կախված է ի-ի ու արգելակվող ռեակցիայի բնույթից, ինչպես նան Ի-ի քանակից, ռեակցիայի միջավայր մտցնելու ժամանակից, ջերմաստիճանից և այլ գործոններից: Կոռոզիայի ի. մտցվում են միջավայր մետաղները կոռոզիայից պաշտպանելու համար: Կոռոզիայի Ի-ի պաշտպանիչ ազդեցությունը որոշվում է էլեկտրաքիմիական ռեակցիայի կինետիկայի փոփոխմամբ: Տարբերում են անոդային, կաթոդային և խառը կոռոզիայի Ի.: Որպես անոդային կոռոզիայի Ի. կիրառում են օքսիդիչ քրոմատներ և նիտրիտներ, որպես կաթոդային կոռոզիայի Ի.՝ արսենի և բիսմութի աղեր, ինչպես նաև տարբեր օրգ. միացություններ: Կոռոզիայի միջավայրի բնույթից կախված, լինում են թթվային, չեզոք և հիմնային միջավայրերի, ինչպես նաև մթնոլորտային կոռոզիայի Ի.: Սև մետաղները կոռոզիայից պաշտպանելու համար կիրառվում են դիցիկլո-հեքսիլամոնիումի նիտրիտը, ցիկլոհեքսի-լամոնիումի կարբոնատը, միզանյութի կամ հեքսամեթիլենտետրամինի (ուրոտրոպինի) խառնուրդը նատրիումի նիտրիտի հետ, իսկ սև մետաղները գունավորների հետ համակցված՝ նիտրո—և դինիտրո-բենբենգոյական թթուների աղերը ամինների հետ: Օքսիդացման ռեակցիաների Ի. արգելակում են մոլեկուլային թթվածնով օքսիդացումը, ավելացվում են վառելանյութերին, յուղերին, քսուքներին՝ նրանց պահելու և կիրաոման ժամանակ օքսիդացումը դանդաղեցնելու համար: Որպես օքսիդացման ռեակցիաների Ի. կիրառվում են ֆենոլներ, արոմատիկ ամիններ ևն: Սննդանյութերի օքսիդացման Ի. արգելակում են ճարպերի և ճարպ պարունակող մթերքների օքսիդացումը: Բնական նյութերից կիրառում են համեմունքներ (ծոթոր, եղեսպակ, չաման ևն), որոնք մթերքին տալիս են հաճելի հոտ և արգելակում նրանց օքսիդացումը (կծվածությունը): Իսկ սինթետիկ նյութերը կիրառում են գալաթթվի էթիլն պրոպիլէսթերները, ինչպես նաև բազմաթիվ ֆենոլներ և ամիններ (օրինակ, կտավատի ձեթը օքսիդացումից պաշտպանելու համար): Պոլիմերացման Ի. արգելակում են կամ դանդաղեցնում մոնոմերների պոլիմերացումը թորելու կամ պահելու ժամանակ: Պոլիմերացման Ի. պահպանում են ոչ միայն ինքնապոլիմերացումից, այլև օդի թթվածնի օքսիդացումից: Պոլիմերացման Ի. են ծծումբը, տարբեր ֆենոլներ, տանինը, պղնձի աղերը ևն:
Գրկ. Брегман Дж., Ингибиторы коррозии, пер. с англ.,М.—Л.,1966 Алцы-беева А. И.,Левин С. 3., Ингибиторы коррозии металлов, Л., 1968,
Գ. Շահնազարյան
