ՀՍՀ/ԻՆՃԻԿՅԱՆ ԱՐԱՄ
ԻՆՃԻԿՅԱՆ Արամ Մկրտչի 29.12.1910, ք. Ախալցխա (այժմ՝ Վրաց. ՍՍՀ-ում)—22. 3.1975, Երևան, հայ սովետական գրականագետ: Բանասիրական գիտ. դ-ր, գիտ. վաստ. գործիչ: 1933-ին ավարտել է Երևանի պետ. համալսարանը, 1937-ին՝ նույն համալսարանի ասպիրանտուրան: 1937-1938-ին աշխատել է Արմֆանի պատմության և գրականության ինստ-ում: Մասնակցել է ֆիննական (1939-40), Հայրենական մեծ (1942—45) պատերազմներին: 1946-ից աշխատել է ՀՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստ-ում՝ որպես ավագ գիտաշխատող, ապա՝ տեքստաբանության բաժնի վարիչ (1958—75): Հրատարակել է «Ծատուրյանի կյանքը» (1940), «Միքայել Նալբանդյան» (1954), «Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը» (1954), «Ավետիք Իսահակյան» (1955), «Մտերիմներ և մտորումներ» (1967), «Հովհաննես Թումանյան. կյանքը և ստեղծագործության պատմությունը. 1869-1899» (1969), «Ավետիք Իսահակյան» (1977) աշխատությունները: Ի. մասնակցել է Հ. Թումանյանի, Ա. Իսահակյանի, Պ. Պռոշյանի, Մ. Նալբանդյանի, Մ. Պեշիկթաշլյանի երկերի գիտական հրատարակությանը, կազմել է տեքստերը, ծանոթագրել է և խմբագրել:
Հ. Թամրազյան
