Jump to content

ՀՍՀ/ԻՆՎԱՐԻԱՆՏՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՆՎԱՐԻԱՆՏՆԵՐ (լատ. invarians—անփոփոխ), ընդհանուր տեսակետից օբյեկտն ինվարիանտ է որոշակի փոփոխությունների նկատմամբ, եթե նույնն է մնում այդ փոփոխությունների դեպքում: Այս հատկությունը կոչվում է ինվարիանտություն, իսկ օբյեկտն ինքը՝ ինվարիանտ: 1. Մաթեմատիկայում Ի. կոչվում են թվերը, խմբերը և այն մաթ. մեծություններն ու օբյեկտները, որոնք չեն փոխվում, երբ որոշակի (հակադարձելի) ձևափոխությունների է ենթարկվում կամ օբյեկտն ինքը, կամ այն կոորդինատային համակարգը, որում նկարագրվում է օբյեկտը: Ի-ի գաղափարը, որ սաղմնավորվել է դեռևս Կ. Գաուսի աշխատանքներում (1801), կիրառել է գերմ. մաթեմատիկոս Օ. Հեսսեն (1844), սակայն Ի-ի տեսությունը կանոնավոր կերպով զարգացրել է անգլ. մաթեմատիկոս Ջ. Սիլվեստրը (1851—52), որը և առաջարկել է «Ի.» տերմինը: Հետագա զարգացումը XIX դ. կեսերին հանգեցրեց Ի-ի տեսության հիմնական խնդրի ձևավորմանը, ապացուցել, որ գծային ձևերի վերջավոր համակարգի համար բոլոր այն ի., որոնք ձևերի գործակիցների ռացիոնալ ֆունկցիաներ են, ունեն վերջավոր բագիս, որի տարրերի միջոցով յուրաքանչյուր ռացիոնալ ինվարիանտ արտահայտվում է ռացիոնալ ֆունկցիայի տեսքով: Այս խնդրի պրոյեկտիվ տարբերակը լուծել է Դ. Հիլբերտը (1890—93), որից հետո Ի-ի տեսությունը մեծ պրոբլեմներ չունենալու պատճառով անկում է ապրել: Ի-ի տեսության նոր վերելքը XX դ. հիմնականում պայմանավորված է Հ. Վեյլի, Է. Կարտանի, Է. Մամֆորդի աշխատանքներով: Բոլոր ձևափոխությունները, որոնց նկատմամբ Ի. մնում են այդպիսին (պահպանում են իրենց հատկությունը), կազմում են խումբ: Ձևափոխությունների խմբի Ի-ի հասկացությունն ընկած է Ֆ. Կլայնի առաջարկած տարբեր երկրաչափությունների համակարգման հիմքում, համաձայն որի ամեն մի երկրաչափություն զբաղվում է իրեն հատուկ ձևափոխությունների խմբի Ի-ի ուսումնասիրությամբ: Կարևոր և հաճախ դժվար խնդիր է ձևափոխությունների խմբի բոլոր Ի-ի (կամ Ի-ի լրիվ համակարգի) նկարագրումը: 2. Ինվարիանտներ (ֆիզիկայում), տես Ինվարիանտություն:

Ս. Դալալյան