Jump to content

ՀՍՀ/ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼԻԶՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼԻԶՄ (լատիներեն inter—մեջ և natio—ժողովուրդ), միջազգային համերաշխություն, որ դրսևորվում է տարբեր ազգերի և ռասաների բանվորների, աշխատավորների հոգեբանության, գաղափարախոսության և քաղաքականության մեջ: Ի. ծագել է կապիտալիզմի պայմաններում մի շարք երկրների պրոլետարիատի ազատագրական պայքարի ընթացքում: Ի-ի բնութագրումն ու գաղափարական հիմնավորումը առաջին անգամ տվեցին Կ. Մարքսը և Ֆ. Էնգելսը: «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ»ում կապիտալիզմի անխուսավւելի կործանումը հիմնավորելիս նրանք ընդգծեցին, որ աշխարհի բոլոր պրոլետարները հանուն իրենց ազատության պետք է միավորվեն ու համախմբվեն մեկ ընդհանուր բանակի մեջ: Ի. առաջին անգամ դրսևորվել է I Ինտերնացիոնալի (1864—1816) ստեղծմամբ: Վ. Ի. Լենինի արտահայտությամբ այն «… դրել է սոցիալիզմի համար մղվող պրոլետարական, միջազգային պայքարի հիմքը» (Երկ., հ. 29, էջ 370): Տարբեր երկրների բանվորների համագործակցության ամրապնդման կոչը արտահայտվել է «Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք» լոզունգում, որը բազմագգ պետություններում եղել է նաև տարբեր ազգության աշխատավորների միության կոչ: Համաշխարհային պրոլետարիատի ինտերնացիոնալ համագործակցության գործը շարունակեց II Ինտերնացիոնալը: Դրա հետ միասին II Ինտերնացիոնալի կրախը ցույց տվեց, թե որքան դաժանորեն է պատժվում պրոլետարական Ի-ին դավաճանելը: Ի. իր զարգացումն է ստացել լենինյան կուսակցության գործունեության մեջ, որը հանդես եկավ III Կոմունիստական ինտերնացիոնալի ստեղծման նախաձեռնությամբ: Ի. իր ուժը ցուցադրեց Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո, երբ մի շարք երկրներում բանվոր դասակարգը սատարեց առաջին պրոլետարական իշխանությանը: Սովետական Միության ստեղծումից հետո նրա մեջ մտնող ազգերի և ժողովուրդները հարաբերությունները կառուցվել են Ի-ի սկզբունքների հիման վրա, որը շահագործողական դասակարգերի վերացման հետևանքով դարձավ սոցիալիստական Ի., այն սոցիալիզմի ուղու վրա կանգնած ազգերի և ժոդովուրդների միջազգային հարաբերությունների նոր ձև է՝ հիմնված բարեկամության, հավասարության, փոխադարձ հարգանքի, եղբայրական բազմակողմանի համագործակցության վրա: Սոցիալիստական Ի. նույնանում է սոցիալիստական հայրենասիրության հետ, այն հակադիր է կոսմպոլիտիզմին, ազգային նիհիլիզմին: Սոցիալիզմի համաշխարհային սիստեմը ընդարձակել է սոցիալիստական Ի-ի շրջանակները: Սոցիալիստական երկրները զարգանում են որպես սուվերեն պետություններ և գտնվում են եղբայրական միասնության մեջ: Աշխատավորների ինտերնացիոնալ դաստիարակությունը կոմունիստական դաստիարակության կարևորագույն բաղկացուցիչ մասն է: Ի-ի գաղափարական հիմքը մարքսիզմ-լենինիզմն է: Ի. հակադիր է նացիոնալիզմին. «Բուրժուական նացիոնալիզմ և պրոլետարական ինտերնացիոնալիզմ՝ ահա երկու թշնամական անհաշտ լոզունգներ, որ համապատասխանում են ամբողջ կապիտալիստական աշխարհի երկու մեծ դասակարգային լագերներին և արտահայտում են երկու քաղաքականություն (ավելին՝ երկու աշխարհայեցողություն) ազգային հարցում» (նույն տեղում, հ. 20, էջ 13): Արդի դարաշրջանում Ի. նշանակում է բանվոր դասակարգի ազգային ջոկատների համերաշխություն, բարեկամություն, համաշխարհային հեղափոխական շարժման ազգային ջոկատների սերտ համագործակցություն և փոխգործողություններ: Սովետական Միության միջազգային գործունեության, սոցիալիստական երկրների, մարքսիստական կուսակցությունների միասնության մեջ պրոլետարական Ի. դրսևորվում է որպես համաշխարհային նշանակության ուժ՝ հանուն ընդհանուր նպատակների, ընդհանուր թշնամու դեմ պայքարում: Այն ձեռք է բերել զորեղ նշանակություն հակաիմպերիալիստական ուժերի համախմբման գործում: Տես նաև Պրոլետարական ինտերնացիոնափզմ:

Գրկ. Մարքս Կ., Էնգելս Ֆ., Կոմունիստական կուսակցության մանիֆեստը. Ընտիր երկ., հ. 1,Ե., 1972: Լենին Վ. Ի., Ուրիշի դրոշակի տակ, Երկ., հ. 21: ՍՄԿԿ XXV համագումարի նյութերը, Ե., 1976: Марксизм-ленинизм о пролетарском интернационализме, М., 1969.