Jump to content

ՀՍՀ/ԻՆՏԵՐՎԱԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՆՏԵՐՎԱԼ (լատ. intervallum—միջոց, տարածություն), ձայնագիտության առումով՝ երկու հնչյունի բարձրությունների հարաբերակցությունը, որ բնութագրվում է նրանց տատանումների հաճախականությունների հարաբերությամբ (ինտերվալային գործակից): Երաժշտության մեջ՝ հնչյունաշարի որևէ երկու աստիճանի հարաբերակցությունը, բնութագրվում է նրանց միջև ընկած աստիճանները թվով և տոների քանակով: Ի. երաժշտության կարևորագույն արտահայտչական տարրն է: Հաջորդաբար հնչող աստիճանների Ի. մեղեդիական է, միաժամանակ հնչող աստիճանների Ի.՝ հարմոնիկ: Մեղեդիական Ի-ի արտահայտչության համար որոշիչը հնչյունների (աստիճանների) հեռացվածությունն է և սրանց հաջորդման ուղղությունը (վերընթաց, վարընթաց, նույն հորիզոնի վրա): Հարմոնիկ ի. հանդես է գալիս որպես ինքնուրույն հնչյունային միասնություն (երկհնչյուն) կամ մտնում է ակորդի կազմության մեջ: Հարմոնիկ Ի-ի արտահայտչության համար էական է հնչյունների զուգորդման բարդության և նրանց միաձուլվածության մակարդակը (տես Կոնսոնանս և դիսոնանս): Ի-ների արտահայտչական էությունը լիովին բացահայտվում է երաժշտական կոնտեքստում, երբ նրանք հանդես են գալիս լադի որոշակի աստիճանների միջև, մետրառիթմական և այլ որոշակի պայմաններում: Ի-ներն անվանում են լատ. դասական թվականներով, ավելացնելով տոների քանակը նշող՝ մաքուր, մեծ, փոքր և այլ բացահայտիչներ: Օգտագործելով քրոմատիկ հնչյունաշարի աստիճանները՝ դիատոնիկ Ի-ից ստանում են քրոմատիկ (կամ՝ ձևափոխված) ի., որում պահպանվում է համապատասխան դիատոնիկ Ի-ի աստիճանային կագմը, բայց փոխվում է տոների քանակը և Ի-ի արտահայտչական բնույթը: Ամեն մի քրոմատիկ Ի. էնհարմոնիկորեն հավասար է որևէ դիատոնիկ Ի-ի (տես նաև էնհարմոնիզմ): Անհավասարաչափ տեմպերացված համակարգերում (տես Տեմպերացիա) Ի-ներն ունենում են 12 աստիճանանոց հավասարաչափ տեմպերացված հնչյունաշարի նույնանուն Ի-ներից նրանց զանազանող երկրորդային հատկանիշներ, որոնք նրանց լրացուցիչ արտահայտչական երանգ են տալիս: Այդպես է հայ ժողովրդական երաժշտության հնչյունաշարում, որտեղ, օրինակ, մեծ սեկունդաներն ունեն նաև իրենց նեղ (մեղեդիական առումով՝ փափուկ հնչող), իսկ փոքր սեկունդաները՝ իրենց լայն (մեղեդիական առումով՝ կոշտ հնչող) տարատեսակները: Տես նաև Լադ, Լարվածք երաժշտական: Ի-ների տեսությունը կազմում է ձայնագիտության հիմնական բաժիններից մեկը, իսկ երաժշտագիտության մեջ հիմք է ծառայում լադի, մելոդիկայի, հարմոնիայի և պոլիֆոնիայի ուսմունքների համար:

Ռ. Աթայան