Jump to content

ՀՍՀ/ԻՆՏԵՐՎԱԼ ՔԱՌԱՉԱՓ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՆՏԵՐՎԱԼ քառաչափ, քառաչափ տարածության երկու կետերի (պատահարների) հեռավորությունը: Պատահարը նկարագրվում է տարածական (x,y, z) և ժամանակային (t) կոորդինատներով: Ի. ինվարիանտ է Լորենցի ձևափոխությունների նկատմամբ: Երկու պատահարներ պատճառականորեն կարող են կապված լինել միայն այն դեպքում, երբ դրանց միջև Ի. իրական է (ժամանականման). դա անմիջականորեն բխում է այն հանգամանքից, որ բնության մեջ ոչ մի փոխազդեցություն չի կարող լույսից արագ տարածվել: Միայն այդպիսի պատահարների համար բացարձակ իմաստ ունեն «վաղ» և «ուշ» հասկացությունները, իսկ դա անհրաժեշտ է, որպեսզի իմաստավորված լինեն պատճառ և հետևանք հասկացությունները: Եթե երկու պատահարների միջև Ի. կեղծ է (տարածանման), ապա դրանք պատճառականորեն կապված չեն. այսպես, եթե որևէ իներցիալ համակարգում A պատահարը ավելի վաղ (ուշ) է տեղի ունենում, քան B-ն, ապա գոյություն ունի համակարգ, որում դրանք տեղի են ունենում միաժամանակ, և գոյություն ունեն բազմաթիվ համակարգեր, որոնցում A-ն տեղի է ունենում ավելի ուշ (վաղ), քան B-ն:

Ա. Ավետիսյան