ՀՍՀ/ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ, մարդու կողմից իր անձի ամբողջական համակարգի, ինչպես նաև առանձին հատկանիշների (բնավորություն, խառնվածք, իդեալներ, բարոյական գծեր, գործունեության դրդապատճառներ, իմացական ընդունակություններ ևն) գիտակցումն ու գնահատումը: Ի. առկա է, երբ մարդու անձը հանդես է գալիս որպես զգայական և ներհայեցողական ընկալման օբյեկտ: ժամանակակից գիտության մեջ Ի. հաճախ անվանում են «ինքնըմբռնում» (պատկերացումների ու գնահատականների համակարգ, որը վերաբերում է սեփական «ես»ին): Մարդը գիտակցում է սահմանափակ ծավալի ինֆորմացիա: Յուրաքանչյուր իրադրության մեջ նա հստակորեն ընկալում է միայն իր ինքնըմբռնման որոշ մասը: Ի. ձևավորվում է անհատի հոգեկան զարգացման ընթացքում հաջորդաբար ստեղծվող «միկրոմիջավայրերի» ազդեցության ու հսկողության տակ: Ի-ի զարգացումը արագանում է խոսքի յուրացման շնորհիվ: Ինքնըմբռնումը, նրա կազմի մեջ մտնող արժեքավորող բնորոշումները, արտացոլում են սոցիալականացման պրոցեսում իր անձին ուրիշների տված գնահատականները: Խոսքի միջոցով արտահայտված բնորոշումներն աստիճանաբար ներհոգեկան բնույթ են ստանում և դառնում ինքնագնահատումներ: Ի-ի ձևավորման այս մեխանիզմը բնորոշ է առավելապես օնտոգենեզի սկզբնական փուլին: Հասուն տարիքում անձը օգտագործելով ներհայեցողության և ռեֆլեքսային մեխանիզմները, վերանայում, վերագնահատում է իր անձը, վերակառուցում է իր ես-կոնցեպցիան: Ի. ինքնաիմացություն է, վերաբերմունք իր անձի նկատմամբ, ինքնագնահատում: Ի-ի կաոուցվածքը բարդ է և ներքին կոնֆլիկտների առաջացման աղբյուր: Փորձի կուտակման, մտքի ու զգացումների նրբացման, ֆիզիկական վիճակի, սոցիալական փոխհարաբերությունների, դիրքերի ու դերերի և այլ գործոնների փոփոխման հետևանքով անձի Ի-յան կառուցվածքը լուրջ փոփոխութւուններ կրելով պահպանում է իր կայունությունը, որն անձը ընկալում է որպես անկրկնելի, միայն իրեն պատկանող կենտրոն՝ «ես»: Ի. հատուկ է ոչ միայն անհատին, այլև հասարակությանը, դասակարգին, սոցիալական խմբին:
Ա. Նալչաջյան
